Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն․ Հայկ Մարության
09:25 - 29 մայիսի, 2024

Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն․ Հայկ Մարության

Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն։ Այս մասին գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպին

«Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է։ Կարելի է շնորհավորել ամեն ինչում «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք այսօր աննախադեպ խայտառակություն են գրանցել։ Երբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ ազգային կարևորագույն տոնին Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Այն նույն Սարդարապատի, որը հնարավոր դարձավ նաև Առաքելական եկեղեցու գահակալի ոգեշունչ հորդորի ու հայոց հոգևորականության ակտիվ մասնակցության շնորհիվ։

Հայոց եկեղեցին հայոց մշակութային ինքնության անկյունաքարն է, մեր պատմության բոլոր դրվագներում մեր հովանին և ուղեցույցը, աշխարհի չորս ծագերում ապրող հայության հուսալի ապաստանը, մեր պետականության աջակիցն ու պահապանը, և ոչ մի այսրոպեական նպատակահարմարություն չի կարող արդարացնել Եկեղեցու հանդեպ անարգ պահվածքը։

Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն»։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին Գարեգին Բ-ի և մյուս հոգևորականներիի այցը Սարադարապատի հուշահամալիր, որտեղ նախատեսված էր ՀՀ բարձրագույն ղեկավարության այցը։ Ավելի ուշ Մայր Աթոռից հաղորդագրություն տարածեցին՝ հայտնելով, որ չնայած արգելքներին Վեհափառ Հայրապետը կարողացել է մոտենալ հուշահամալիրին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել