azatutyun.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը գիտակցում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման պատճառով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետական ինքնիշխանության կորստի սպառնալիքը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնելու է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Ընդգծելով, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և նրա զինվորականները վերապատրաստումներ են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում՝ Լավրովն ասել է՝ սա չի կարող Մոսկվային չանհանգստացնել։
«Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»,- եզրափակել է Լավրովը։
Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել էր, թե Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։
comment.count (0)