Մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել. Վահե Ղազարյան
12:28 - 30 դեկտեմբերի, 2023

Մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել. Վահե Ղազարյան

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.                                                     

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2023 թվականը մարտահրավերների տարի էր։ Այս տարում ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը՝ անցնելով կառուցվածքային և բովանդակային մեծամասշտաբ փոփոխություններով։ Ամբողջովին նոր նախարարության ձևավորումն ուղեկցվել է ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմամբ, ՆԳՆ ենթակա երեք ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային փոփոխություններով, վերջիններիս կողմից ուժեղացված և գերլարված ծառայություն իրականացնելով։ Չնայած դրան՝ մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել։

Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կադրային համալրման աշխատանքներն արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ համակարգը համալրվել է նաև երիտասարդ ու պատրաստված կադրերով, որոնք, միավորելով իրենց ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ, կարողանում են որակական նոր նշաձող սահմանել հատկապես բարեփոխումների մեր հավակնոտ օրակարգի իրականացման ճանապարհին։

Շարունակվել է ՆԳՆ ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական կենսագործումը։ Թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության, թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դեպքում արդեն իսկ իրականացված և պլանավորված քայլերը միտված են հանրային վստահության ամրապնդմանը, հանրային անվտանգության երաշխավորմանն ու մեր քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։

Փոփոխությունների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրության վստահության մակարդակը, ինչը չափազանց պարտավորեցնող և, միևնույն ժամանակ, ոգևորիչ է։ Անժխտելի դրական փոփոխությունների հետ մեկտեղ՝ մենք իհարկե գույքագրում ենք տարբեր խնդիրներ, քանի որ որևէ փոփոխություն հեշտ չի տրվում, բայց այդ խնդիրների հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում է։

Վստահ եմ, որ հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ կշարունակենք կատարել Հայաստանի կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը:

Այդ վստահությամբ ու լավագույնի հավատով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ տոկունություն, հանուն հայրենիքի նահատակված սիրելիների թանկ երազանքները կենսագործելու կամք ու կորով:

Թող 2024 թվականը լինի խաղաղության հաստատման, կայուն զարգացման, նորանոր վերելքների տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - նշված է ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել