Հայ գերիների և հատկապես ԼՂ ղեկավարների վերադարձը հնարավոր կլինի միայն միջազգային հանրության ուժեղ ճնշման ներքո․ դեսպան Տիգրան Մկրտչյան
20:22 - 30 դեկտեմբերի, 2023

Հայ գերիների և հատկապես ԼՂ ղեկավարների վերադարձը հնարավոր կլինի միայն միջազգային հանրության ուժեղ ճնշման ներքո․ դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել եվրոպական The European Conservative ամսագրին։ Ներկայացնում ենք հարցազրույցը՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության թարգմանությամբ։ 

«Արցախում էթնիկ զտումները ավելի քան 100 000 մարդու բռնագաղթի պատճառ են դարձել։ Ինչպիսի՞ն է նրանց վիճակը: Ինչպե՞ս է Հայաստանը դիմակայում այս հումանիտար ճգնաժամին։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը մարդիկ են, որոնք փրկվել են տասնամսյա շրջափակումից և Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայից։ Նրանցից շատերն առողջական լուրջ խնդիրներ ունեն՝ ամիսներ շարունակ թերսնվածության և պատշաճ բուժօգնության բացակայության հետևանքով։ Շատերն ունեն նաև հոգեբանական խնդիրներ։ Այս ամենին գումարվում են նաև սոցիալական խնդիրները, քանի որ շատերը ստիպած են եղել հապճեպորեն լքել են իրենց տները՝ չվերցնելով գումար ու արժեքավոր իրեր։

Տեղահանվածների կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել է աջակցության ծրագրեր պետական բյուջեից։ Հայաստանի կառավարությունը հաստատել և ընդունել է բազմաթիվ որոշումներ՝ ուղղված բռնի տեղահանված փախստականների աշխատանքի, կրթության, կրթաթոշակների և կենսաթոշակների խնդիրների լուծմանը։ Այս որոշումներն իրականացվում են կառավարության համապատասխան մարմինների հատուկ ծրագրերով։

Փախստականների համար կայուն ապրուստ ապահովելու համար նախատեսվում են նաև միջնաժամկետ գործողություններ: Լեռնային Ղարաբաղի հայերն այդ տարածքի բնիկներն են և շարունակաբար ապրել են աշխարհի այս հատվածում ավելի քան երեք հազարամյակ: Ո՛չ մենք, ո՛չ միջազգային հանրությունը չեն կարող մոռանալ կամ անտեսել այդ հարցը։ Կսկիծով պետք է նշեմ, որ ամիսներ շարունակ մենք բոլոր հնարավոր հարթակներից և բոլոր հնարավոր պաշտոնական ու ոչ պաշտոնական ուղիներով ահազանգում էինք, որ Ադրբեջանն անելու է ամեն բան՝ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի հայերին էթնիկ զտումների ենթարկելու համար։ Ցավոք սրտի, միջազգային հանրությունը շոշափելի քայլեր չձեռնարկեց դա կանխելու համար, իսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները մնացին թղթի վրա։

Առաջին օրվանից մենք սերտորեն համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների, ՄԱԿ-ի գործակալությունների և տարբեր երկրների հետ։ Օգնության մասին հայտարարել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Եվրոպական միությունը, ԱՄՆ կառավարությունը USAID-ի միջոցով և ՄԱԿ-ի գործակալությունները: Մենք երախտապարտ ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին և մասնավորապես ԵՄ-ին և նրա անդամ երկրներին՝ այս դժվարին օրերին Հայաստանին և արցախահայությանն ուղղված մարդասիրական օգնության համար։

Իսկ ի՞նչ կասեք հայկական մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի մասին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդեն եղե՞լ է որևէ հայտարարություն կամ գործնական աջակցություն այս մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար:

Հայաթափված Լեռնային Ղարաբաղում մնացել է հսկայական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգություն, որը լուրջ սպառնալիքի տակ է: Ստեփանակերտի եկեղեցու գմբեթների խաչերն արդեն հանվել են. ցավոք, մեր փորձից գիտենք, թե ինչ է կատարվում հայկական պատմամշակութային ժառանգության հետ, երբ այն հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պարզապես վերցրեք Նախիջևանի օրինակը. Նախիջևանի միջնադարյան խաչքարերի ավերումը, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած ցավալի իրադարձությունները՝ Շուշիի Կանաչ ժամի (Կանաչ եկեղեցու) և Սբ. Ղազանչեցոցի, Հադրութի Սպիտակ Խաչի ավերումը, ինչպես նաև մի շարք գերեզմանաքարերի պղծումը, ցավոք, լավատեսություն չեն ներշնչում։ Հարկապես, երբ այս ամենը տեղի է ունենում, երբ առկա է Միջազգային քրեական դատարանի որոշում, որը պարտավորեցել է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ աղոթատեղիների, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները»։

Եթե անգամ չեն ավիրվել, աղավաղվել է մշակութային և ճարտարապետական կողոթների հայկական ինքնությունը: Հայերից առգրավվել են միջնադարյան հայ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են Ամարասի վանքը (4-5-րդ դար), Դադիվանքը (9-րդ դար), Գանձասարը (13-րդ դար) և բազմաթիվ այլ հայկական սրբատեղիներ։

Ռաֆայել Լեմկինի ներկայացրած Ցեղասպանության սկզբնական սահմանումը առանցքային տեղ է հատկացրել մշակութային ցեղասպանությանը: Որպես միջազգային իրավունքի իրավական հայեցակարգ՝ մշակութային ցեղասպանությունը մշակվել է որպես ցեղասպանության (այն է՝ խմբի համակարգային և դիտավորյալ ոչնչացման փորձ) ենթակատեգորիա կամ ասպեկտ՝ ֆիզիկական և կենսաբանական ցեղասպանությանը զուգահեռ: Այն ենթադրում էր ինչպես նյութական (օրինակ՝ պաշտամունքի վայրեր), այնպես էլ ոչ նյութական (օրինակ՝ լեզվի) մշակութային կառույցների ոչնչացում։ Սա այն է, ինչի ականատեսն ենք եղել Ադրբեջանում վերջին տասնամյակների ընթացքում և ներկայումս՝ Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանը դեռևս հրաժարվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ մուտքի իրավունք տրամադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը՝ կատարելու կարևորագույն մշակութային արժեքների գույքագրում, որն առաջարկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի նոյեմբերին՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։ Ես իսկապես հույս ունեմ, որ այս անգամ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իրավամբ կգործեն իրենց մանդատի շրջանակներում և կկարողանան կանխել նոր մշակութային ցեղասպանությունները։ Այս առումով ես ուզում եմ ընդգծել մի էական կետ. Ադրբեջանը պարզապես չի ոչնչացնում պատմամշակութային ժառանգությունը, Ադրբեջանը մաքրում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից, քանի որ այս պատմամշակութային ժառանգությունն ամենախոսուն վկայությունն է այն բանի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են Ղարաբաղում:

Արցախի Հանրապետության ղեկավարներից մի քանիսը ձերբակալվել են Ադրբեջանի կողմից և մեղադրվել ահաբեկչության մեջ։ Կա՞ հնարավորություն նրանց Հայաստան վերադարձնելու։ Այս գործում միջազգային կառույցից որևէ մեկն աջակցո՞ւմ է Հայաստանի կառավարությանը։

Ահաբեկչության մասին խոսելն ուղղակի հիմարություն է և նույնքան կեղծ, որքան Ադրբեջանի մյուս հակահայկական գործիքները։ Կարծում եմ՝ հայ գերիների և հատկապես Լեռնային Ղարաբաղի ղեկավարների վերադարձը հնարավոր կլինի միայն միջազգային հանրության ուժեղ ճնշման ներքո։ Այս հարցում մեզ աջակցում է միայն ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտեն) այնքանով, որ այցելում է գերիներին և պարբերաբար տեղեկատվություն փոխանցում նրանց առողջական վիճակի մասին։

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ձերբակալված նախկին և ներկա ղեկավարներին։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության և հիմնական լրատվամիջոցների կողմից Արցախում տեղի ունեցածի նկատմամբ լռությունը կամ ակնհայտ անտարբերությունը:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը սարսափելի հանցագործություն է: Մարդիկ ոչ միայն ենթարկվել են էթնիկ զտումների, այլև հայրենազրկվել են։ Միջազգային հանրության և հիմնական լրատվամիջոցների լռության պատճառները բազմաշերտ են: Նախ, պարզվեց, որ այսօր, ցավոք, միջազգային հանրության համար ադրբեջանական նավթն ու գազն ավելի կարևոր են, քան հայերն և հայերի՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքները («մենք չենք կարող ձմռանը տաքացնել Եվրոպային»): Բայց սրան զուգահեռ, կարծում եմ, ոչ պակաս կարևոր է, որ աշխարհը հայտնվել է փոփոխությունների և հատկապես բացասական զարգացումների սարսափելի հորձանուտում, և միջազգային հանրությունն ու լրատվամիջոցները չեն կարողանում պատշաճ կերպով արձագանքել բոլոր զարգացումներին։

Աշխարհակարգը բավականին արագ է վերաձևվվում, և արդյունքում միջազգային հարաբերությունները փոխակերպվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։ Կարծում եմ՝ խնդիրը գալիս է նրանից, որ ուժի միջոցով հարցեր լուծելը դարձել է նորմ և հանդուրժելի, և դա սարսափելի է, քանի որ այն իրականում երբեք խնդիրներ չի լուծել։ Մենք կարող ենք հայտնվել բաց Պանդորայի արկղի առջև, եթե չխոսենք այս հանցագործությունների դեմ: Խաղաղությունը պատերազմով չի հաստատվում, քանի որ պատերազմը՝ ուժի կիրառումը կամ նույնիսկ ուժի սպառնալիքը, ինքնին միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Չես կարող կարգ ու կանոն հաստատել՝ ոտնատակ տալով այդ կարգի արմատները։ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող այն պնդումը, թե ուժը կարող է ծնել խաղաղություն, տրամաբանության և փիլիսոփայության մեջ հայտնի է որպես argumentum ad absurdum (աբսուրդի փաստարկ): Եվ զարմանալի է, որ այդ երկրի ներկայացուցիչները արտասահմանում կրկնում են այդ պնդումը՝ չհասկանալով, թե որքան զավեշտալի է հնչում այն։

Ադրբեջանն այժմ Հայաստանից պահանջում է Սյունիքով անցնող արտատարածքային միջանցք՝ թուրքական աջակցությամբ և ռուսական պասիվությամբ։ Հաշվի առնելով, որ մինչ այժմ ունեցել է քարտ-բլանշ, ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով փորձել գրավել այդ միջանցքը:

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հռետորաբանությունը շարունակաբար եղել է ագրեսիվ և ռազմատենչ: Դեկտեմբերի 7-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը համաձայնել է ազատ արձակել 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինծառայողի։ Կային նաև այլ փոխադարձ պարտավորություններ։ Ավելին, վերահաստատվել է հարաբերությունները կարգավորելու և տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա խաղաղության համաձայնագիր ձեռք բերելու կողմերի մտադրությունը։ Դա պետք է նշանակի Ադրբեջանից բոլոր գերիների ազատում, ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի օկուպացված տարածքներից (այժմ մոտ 200 քառակուսի կիլոմետր հայկական հող գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ), սահմանազատման աշխատանքների հաջող ավարտ և ցանկացած արտատարածքային միջանցքներ պահանջի մերժում:

Այն պետք է ենթադրի նաև «Մեծ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» քարոզչական արշավի դադարեցում, որը պետության կողմից հովանավորվող տխրահռչակ նախագիծ է: Դրանով կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյությունը և առաջ է քաշվում այն թեզը, թե հայերը եկվորներ են տարածաշրջանում՝ ի հեճուկս բոլոր պատմական ապացույցների: Առհասարակ, սա պետք է ենթադրի Ադրբեջանում Հայաստանի նկատմամբ անհեթեթ կեղծ պնդումների ֆինանսավորման դադարեցում։ Մենք հիմա չենք կարող պատմական բանավեճեր սկսել, բայց չենք կարող նաև թույլ տալ, որ որևէ մեկը կասկածի տակ դնի մեր պատմությունը։

Հայաստանի Հանրապետության համար երկրի տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է հարցերի խաղաղ կարգավորման ճանապարհին: 2500 տարի է անցել այն ժամանակներից, երբ Թուկիդիդեսն ասել է՝ «ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը տառապում են այն ամենից, ինչից պետք է տառապեն», և պատերազմի ու խաղաղության կանոնները շատ են փոխվել։ Բացի այդ, հիասքանչ հույն պատմաբանի այդ նույն պատմության մեջ հաճախ փոխարինվում են ուժեղներն ու թույլերը։ Չկան հավերժական հաղթողներ և հավերժ պարտվողներ: Պատմությունը դրա վկան է։ Բայց պատմությունը նաև բազմիցս ցույց է տվել, որ խաղաղություն հնարավոր է ձեռք բերել, երբ կա զիջումների և փոխզիջումների գնալու միտում: Մեզ պետք է տևական խաղաղություն, այլ ոչ թե բռնության մշտական շրջապտույտ:

Հետագա ագրեսիայի դեպքում, ի՞նչ եք կարծում, միջազգային արձագանքն ա՞յլ կլինի։

Հաշվի առնելով ուժի կիրառմամբ հարցերը լուծելու և մեղավորների անպատժելիության զգացման ծանր հետևանքները՝ միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ կանխելու Ադրբեջանի կողմից ցանկացած տեսակի էսկալացիա և ռազմական ագրեսիա։ Առաջադեմ աշխարհը պետք է գիտակցի, որ Հարավային Կովկասի հակամարտությունը արժեքային համակարգերի բախման վառ օրինակ է. մի կողմում ժողովրդավարական Հայաստանն է, մյուս կողմում՝ նավթով հարուստ, բայց ավտորիտար Ադրբեջանը։ Ժողովրդավարության յուրաքանչյուր նոր ձախողում նոր ձախողումներ կբերի աշխարհի մյուս անկյուններում և ավելի կսրի միջազգային անարխիկ իրավիճակը։ Սրան պետք է վերջ դրվի. որքան շուտ, այնքան լավ բոլորի համար: Եթե 2016 և 2020 թվականների ադրբեջանական ռազմական ագրեսիաները պատշաճ արձագանք ստանային, աշխարհն այսօր գուցե այլ լիներ ոչ միայն մեր անմիջական հարևանությամբ, այլև Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ մասերում։

Հայկական կողմը շարունակում է հավատալ, որ չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա, որը կարող է իրականացվել, եթե երկու կողմերն էլ քաղաքական կամք դրսևորեն։ Ինչպես նախկինում բազմիցս ի ցույց է դրվել, Հայաստանն ապացուցել է իր պատրաստակամությունը վերսկսելու բանակցություններին ներգրավվածությունը՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով. միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և հարգանք՝ առանց որևէ երկիմաստության, ապագա սահմանազատման գործընթաց՝ Խորհրդային Միության ամենավերջին վարչական քարտեզների և սահմանների հիման վրա, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության նկատմամբ լիարժեք հարգման հիման վրա և իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքներ։
Այս նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Սա մեր տարածաշրջանային երկրները երկաթուղիներով, ճանապարհներով, մալուխներով, գազատարներով, էլեկտրահաղորդման գծերով միացնելու կամ գոյություն ունեցող կապերն ամրապնդելու ծրագիր է։ Այս պահին ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ չունենք գործող ճանապարհ, գործող երկաթուղի, մալուխ, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, և առաջարկում ենք այս իրավիճակը դրականորեն փոխել։
Հարց․ Ռուսաստանը ձախողել է իր դերը՝ որպես ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ դաշնակից և միավորվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Որտե՞ղ են գտնվում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ.
Դեսպան Մկրտչյան․ ՀԱՊԿ-ն, ընդհանուր առմամբ, մեղմ ասած, չի արդարացրել

Հայաստանի սպասելիքները: Անկախ նրանից, թե տարբեր կողմերից ինչ խաղարկային խոսքեր են հնչում, փաստ է, որ ՀԱՊԿ պայմանագրային պարտավորությունները չի կատարվել։ Մի կողմից, հայկական տարածքի խախտումը և հայկական տարածքների օկուպացումը երբեք չեն ճանաչվել: Դրանով արդարացվել է անգործությունը: Մյուս կողմից՝ 2020 թվականի հրադադարի մասին հայտարարությունը խախտվել է մի քանի կետերով ստորագրումից մեկ ամիս անց՝ ադրբեջանական կողմի խախտումներով։ Իրավիճակի սրումը կանխելու համար չի ձեռնարկվել որևէ գործնական քայլ: Ավելին, Լաչինի միջանցքի վրա հարձակումները և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը իրականացվել են ռուս խաղաղապահների քթի տակ, այն դեպքում, երբ նրանք պետք է երաշխավորեին միջանցքի և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Այս բոլոր դեպքերում մենք տեսանք վիթխարի ձախողումներ, և այդ ձախողումները արդարացնելու փորձեր։

Ի՞նչ նոր դաշինքներ կարող է ստեղծել Հայաստանը ապագայի համար։

Հայաստանը զարգացնում է հարաբերությունները բազմաթիվ երկրների հետ: Մենք ընդլայնել ենք գործընկերային համագործակցությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, գործընկերությունը Հնդկաստանի հետ։ Մենք զարգացնում ենք հարաբերությունները արաբական աշխարհի և Լատինական Ամերիկայի երկրների հետ։ Իսկապես, մեր անմիջական հարևանությունը չափազանց կարևոր է: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Վրաստանի և Իրանի հետ, և իրապես, հույս ունենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ի վերջո, Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնպես պետք է կարգավորվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել