Բաքուն անուղղակիորեն հաստատեց՝ իր ճնշման արդյունքում է հետ կանչվել Արցախի մասին ֆիլմն «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից |azatutyun.am|
12:59 - 10 նոյեմբերի, 2024

Բաքուն անուղղակիորեն հաստատեց՝ իր ճնշման արդյունքում է հետ կանչվել Արցախի մասին ֆիլմն «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն անուղղակի կերպով հաստատում է՝ իր ճնշման արդյունքում է Հորդանանը հետ կանչել Արցախի մասին պատմող հայ ռեժիսորի ֆիլմը «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունից։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հորդանանի կողմից «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած ժապավենի բովանդակությունը «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

«Ֆիլմն ի վերջո չի ներկայացվել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, և դրա ցուցադրությունը Հորդանանում դադարեցվել է։ Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այդ որոշումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմը պատմում է Արցախի և արցախցիների մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը 11-ամյա Վրեժն է, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում, բայց արդեն ավերված հայրենիք։ Վրեժին բաժին են հասնում նոր փորձություններ, նա ստիպված է լինում պատրաստվել նոր ռազմական գործողությունների, պայքարել ծանր տրավմաների դեմ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:

Ըստ Deadline-ի՝ Ադրբեջանի ճնշման տակ է Հորդանանը հետ կանչել ֆիլմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել