«Հայաստանում Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա»․ փաստաբան
 |aravot.am|
14:30 - 08 հունվարի, 2024

«Հայաստանում Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա»․ փաստաբան |aravot.am|

aravot.am: «Այն, ինչ տեղի է ունենում դատարանի եւ մեղադրողի կողմից, օրենքի հետ ոչ մի կապ չունի»,- ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ միջնորդում են դատարանին, ասում են, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, պետք է թույլ տան գնա վիրահատության։ «Իրենք ամեն անգամ ասում են՝ սպասեք մի հատ կոնսիլիում անենք, երեք հատ կոնսիլիում կա՝ առողջապահության նախարարի կողմից կատարված, որում տրված է, որ վիրահատության կարիք ունի, Հայաստանում հնարավոր չէ։ Մեղադրողի միջնորդությամբ ստացված փորձաքննության արդյունք կա, որ կա վիրահատության կարիք, Հայաստանում հնարավոր չէ կատարել, ցավեր ունի, նիստերին հնարավոր չէ մասնակցել։ Կա նաեւ վերջին գրությունը, առողջապահության նախարարը նորից պատասխանել է, որ ունի վիրահատության կարիք, եւ դա պարտադիր պետք է կատարվի։ Այս բոլոր փաստաթղթերն ունենալուց հետո մեղադրողն ասում է՝ ձեւացնում է վատառողջ լինելը։ Իհարկե, այստեղ դժվար է որեւէ այլ բան ասել, որովհետեւ պետության նախաձեռնած, պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի վերաբերյալ պետության ներկայացուցչի նման վերաբերմունքը բոլոր սահմանների անցում է։ Պետական մարմինների տված փաստաթուղթը դատախազի եւ դատարանի համար առնվազն պետք է անվիճելի լինեն, եթե իրենք հիմնավոր փաստարկներ չունեն»,- ասաց նա։

Ըստ Երեմ Սարգսյանի՝ պետական մարմինները պետք է դուրս գան այս խնդրից, թե ում վերաբերյալ է գործը քննվում եւ խոսեն օրենքից, որ անձն ունի բուժման կարիք, եւ պետք է թույլ տան բուժվել։ Երեմ Սարգսյանը նաեւ ասաց, որ երբ Գագիկ Խաչատրյանը փորձում է դիմել որեւէ բժշկի, որպեսզի բուժում ստանա, տարբեր պատճառաբանություններով բժիշկները հրաժարվում են։ «Եվ այս համընկնումը մեզ թույլ է տալիս գալ համոզմունքի, որ այդ ճնշումների արդյունքում նաեւ բժիշկները խուսափում են առնչվել Գագիկ Խաչատրյանի առողջական հարցին, որպեսզի ավելորդ անհանգստություններ չունենան»,- ասաց փաստաբանը։

Ըստ Երեմ Սարգսյանի՝ Հայաստանում Գագիկ Խաչատրյանի հիմնական բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա։ Այն պատճառաբանություններին, թե Գագիկ Խաչատրյանը կմեկնի արտերկիր ու չի վերադառնա, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ «10 անգամ հնարավորություն է տրվել, 10 անգամ Գագիկ Խաչատրյանը գնացել է արտերկիր ու վերադարձել է դատարանի սահմանած ժամկետներում»։

Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել էր ՀՀ կառավարությանը եւ պահանջել էր, որ ապահովեին Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի իրացումը։ Իսկ Գագիկ Խաչատրյանի բուժումը միայն արտերկրում է հնարավոր իրականացնել։
Անդրադառնալով այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազի հայտարարությանը, թե Գագիկ Խաչատրյանը ձեւացնում է, որ վատառողջ է, եւ գործի քննությունը դիտավորյալ ձգձգվում է պաշտպանների վարքագծի հետեւանքով, Երեմ Սարգսյանն ասաց․ «Մենք ո՞նց հասկանանք, ինքը չի՞ ընդունում փորձագետների եզրակացությանը, չի՞ ընդունում առողջապահության նախարարության տված փաստաթղթերը։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ մեղադրող կողմի նման մոտեցումն է հանգեցրել ձգձգումների»։

Հարցին, թե հավանակա՞ն է, որ այս իրավիճակում Գագիկ Խաչատրյանն ընդունի մեղավորությունը եւ փոխհատուցի պետությանը պատճառած վնասը, որպեսզի գործը փակվի, փաստաբանը պատասխանեց․ «Եթե մենք ասում ենք, որ մեղադրանքն անհիմն է, ասում ենք՝ մեղադրանքն անհիմն է։ Բայց եթե պայմանական ընդունենք, որ թույլ չեն տալիս վիրահատությունը, որ անձը ստիպված համաձայնվի, սա խոշտանգման տիպիկ օրինակ է։ Հետեւաբար, ես դեռ ուզում եմ հավատալ, որ դրա համար չեն անում։ Մեղադրանքը չենք ընդունում, մեղադրանքն անհիմն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել