tert.am: Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին կամ դրանից առաջ, երբ Հայաստանի Հանրապետության վրա լայնածավալ հարձակումներ էին տեղի ունեցել, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` ակնկալելով օգնություն, որպեսզի պաշտպանվի մեր սուվերեն տարածքը պաշտպանվի։ Մենք որևէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել և ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ այս առումով չենք կարող որևէ ակնկալիք ունենալ»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը հայտարարություն կանի, գնահատական կտա և կպաշտպանի ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունն ու Հայաստանի սահմանները, ապա հայկական կողմը կհասկանա՝ ինչ է անելու:
Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հայտարարում է՝ իր դիտորները պատրաստ են գալ Հայաստան, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցություն է առաջարկում ՀՀ-ին, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ից ռազմատեխնիկական որևէ օգնություն ՀՀ-ին չի առաջարկվել, իսկ երբ ՀԱՊԿ դիտորնդերին հարցրել են, թե գալիս են ո՞ր սահմանը պաշտպանելու, որևէ հստակ պատասխան չի տրվել:
«ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանները, ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատախանատվության գոտին։ Սա շատ կարևոր հանգամանք է։ ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար», - հավելեց նա։
comment.count (0)