Առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու դեպքում քաղաքացին կտուգանվի ոչ թե 100.000, այլ 25.000 դրամ, եթե 24 ժամում իրավախախտման հատկանիշները վերացնի․ նախագիծ
15:41 - 11 հունվարի, 2024

Առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու դեպքում քաղաքացին կտուգանվի ոչ թե 100.000, այլ 25.000 դրամ, եթե 24 ժամում իրավախախտման հատկանիշները վերացնի․ նախագիծ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առանց պարտադիր ապահովագրման պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված է 100 000 դրամի չափով պատասխանատվություն: Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից: Քաղաքացին ԱՊՊԱ պայմանագիր է կնքում, վճարում ոչ թե 100 000 դրամ, այլ տուգանքի 25 տոկոսը (25 000 դրամ): Առաջարկվում է վերոնշյալ փոփոխությունը կատարել օրենսգրքի 129.2 հոդվածի 7-րդ մասում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ սահմանված տուգանքը չի համապատասխանում իրավախախտման վտանգավորության աստիճանին և բնույթին: Նա տեղեկացրել է, որ որոշվել է փոխել պատժամիջոցը և նվազեցնել տուգանքի չափը:

Հարակից զեկուցող, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Թարմացում

Civilnet.am-ը գրում է, որ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի 75% «զեղչը» գործում է դեռ 2022-ի հուլիսից։ Նոր կարգավորմամբ, որը դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից, ընդամենը վերացվում է 24 ժամում նոր կնքված ԱՊՊԱ պայմանագիրը պարեկին ներկայացնելու պարտավորությունը։ Ուստի լուրը, թե ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքը նվազեցվում է, մոլորեցնող է։

Նշենք, որ վերոնշյալ հաղորդագրությունը տարածվել է ԱՇ պաշտոնական կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել