Գործող իշխանությունն ու «Հանրային ձայնը» մոլորեցրել են ընտրողներին ու չեզոքացրել ընդդիմության հաղթանակի հնարավորությունը. Մարության
23:05 - 11 հունվարի, 2024

Գործող իշխանությունն ու «Հանրային ձայնը» մոլորեցրել են ընտրողներին ու չեզոքացրել ընդդիմության հաղթանակի հնարավորությունը. Մարության

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարության անդրադարձել է ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ներքին գործընթացներին։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։

Ղուկասյանն իր հերթին հայտարարել է, որ այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը։

«Սիրելի երևանցիներ,

Այն, ինչի մասին մենք ասում էինք վերջին երեք ամիսներին, արդեն պաշտոնական հաստատում ստացավ․ գործող իշխանությունն ու իրեն ընդդիմադիր ներկայացնող «Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։

Եթե չեք հետեւել այսօրվա լրահոսին, տեղեկացնեմ, որ «Հանրային ձայնի» լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել՝ «որպեսզի ՔՊ-ն իրեն լավ զգա»։ Հիմա նրանք հայհոյում են մեկը մյուսին։ Թե որն է ներկուսակցական գզվրտոցի իրական պատճառը՝ ինչ չեն կիսել իրար միջեւ, ով ինչ է ստացել ու ինչ չի ստացել ՔՊ-ից, դա մեզ իհարկե, չի հետաքրքրում։

Ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ ընտրություններից հետո մեր դիրքորոշումը միանգամայն իրատեսական էր և արդարացված։

Մենք շարունակում ենք մեր դիրքերում մնալ՝ հավատարիմ մեր սկզբունքներին։ Իսկ կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը, ըստ հայկական ժողովրդական ասացվածքի, 40 օր է»,- գրել է Մարությանը իր ֆեյսբուքյան էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել