Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ ի պատասխան վերջինիս հայտարարության։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր։
Իսրայել Կացը նշում է, որ Թուրքիայի նախագահն այժմ պարծենում է նրանով, որ անհիմն պնդումներով թիրախավորում է Իսրայելը՝ իր անցյալում ունենալով Հայոց ցեղասպանությունը։
«Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսում է։ Ձեր բարբարոս դաշնակիցների դեմ Իսրայելը կանգնած է պաշտպանվելու, ոչ թե կործանելու»,- X-ի իր էջում գրել է Կացը։
Էրդողանն ավելի վաղ ասել էր, թե իրենց ներկայացրած փաստաթղթերը (ցեղասպանության ապացույցները) օգտակար են Հաագայի համար․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թաքնվելու տեղ չունի, և պաշտպանություն չկա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված գործողության համար»։
comment.count (0)