7 օտարերկրացի է զոհվել Իրանում․ Պակիստանը հայտնում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու մասին
10:52 - 18 հունվարի, 2024

7 օտարերկրացի է զոհվել Իրանում․ Պակիստանը հայտնում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու մասին

Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ այսօր առավոտյան հարվածներ է հասցրել Իրանի տարածքին` Սիեստան և Բելուջիստան նահանգին՝ նշելով, որ «մի շարք ահաբեկիչներ են սպանվել օպերացիայի արդյունքում»։

Իրանական կողմը հայտարարել է 7 զոհի մասին, այդ թվում՝ 3 կին և չորս երեխա։ Բոլորն էլ օտարերկրացի են։ Այս մասին․ ինչպես փոխանցում է Mehr-ը, հայտնել է Ալիռեզա Մարհամատին։

Նշվում է, որ Պակիստանը վերջին տարիներին Իրանի հետ հաղորդակցության շրջանակում մշտապես իր լուրջ անհանգստությունն է հայտնել ապաստարաննեերի ու սրբավայրերի վերաբերյալ, որտեղ բնակություն են հաստատել պակիստանական ծագում ունեցող ահաբեկիչները, որոնք իրենց կոչում են «Սարմաչարներ»։ Ըստ Պակիստանի ԱԳՆ-ի՝ դրանք տարածքներ են, որոնք տվյալ երկրի տարածքում են, բայց դուրս են երկրի կառավարության վերահսկողությունից։

«Մեր լուրջ անհանգստությունների արդյունքում որևէ գործողության բացակայության պատճառով այս, այսպես կոչված, Սարմաչարները, շարունակել են թափել անմեղ պակիստանցիների արյունը անպատժելիության մթնոլորտում։ Այսօր առավոտյան գործողությունն իրականացվել է այս, այսպես կոչված, Սարմաչարների կողմից մոտալուտ լայնածավալ ահաբեկչական գործողությունների վերաբերյալ վստահելի հետախուզության շնորհիվ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ում ընդգծել են՝ Պակիստանը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ապահովելու իր ժողովրդի անվտանգությունը, ինչը «սրբազան է, անձեռնմխելի և սուրբ»։

«Պակիստանը լիովին հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այսօրվա գործողությունը միմիայն հետապնդում էր Պակիստանի սեփական անվտանգությունն ու ազգային շահը, որն առաջնային է և ենթակա չէ խախտման»,- հայտնում են Պակիստանի արտաքին գերատեսչությունից։

Նշվում է նաև, որ առաջնորդվելով ստանձնած միջազգային պարտավորություններով՝ Պակիստանը երբեք որևէ պատրվակով կամ որևէ իրավիճակում թույլ չի տա, որ վիճարկվեն իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Իրանը եղբայրական երկիր է և Պակիստանի ժողովուրդը մեծ հարգանքով և ջերմությամբ է լցված Իրանի ժողովրդի նկատմամբ։ Մենք միշտ կարևորել ենք երկխոսությունն ու համագործակցությունը՝ դիմակայելու ընդհանուր մարտահրավերներին, ներառյալ ահաբեկչության սպառնալիքը, և կշարունակենք ջանքեր գործադրել համատեղ լուծումներ գտնելու համար»,- ասվում է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել