Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ․ Նիկոլ Փաշինյան
14:00 - 20 հունվարի, 2024

Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ․ Նիկոլ Փաշինյան

Եղեգնաձորում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր Էջում, որը վերնագրել է այսպես․ «Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ վերջին օրերին շատ է քննարկվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, ինքը ցանկանում է տեղեկացնել՝ ուր է հասել գործընթացը, ինչ է տեղի ունենում և որն է տեղի ունեցողի իմաստը:

Փաշինյանը նիստին նշել է, որ հիմա քիչ թե շատ ակտիվ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները՝ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի մեջև։ Նա հիշեցրել է դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, որով գերիներ վերադարձվեցին, իսկ հիմնական թեման, Փաշինյանի խոսքով, խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանանքն է։ 

Փաշինյանի խոսքով՝ այդ աշխատանքները հասել են մի տեղ, որ Հայաստանը Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը Հայաստանից լրացուցիչ երաշխիքներ են ուզում, որ երկրները փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու նկրտումներ չունեն։

Փաշինյանը նշել է՝ սա այն պատճառով, որ դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր ու ենթատեքստեր են ունենում և Հայաստանը Ադրբեջանի, և երևի Ադրբեջանն էլ Հայաստանի առաջարկների տողատակերում որոշակի վտանգներ են տեսնում։

«Սրան կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց ես կարծում եմ, որ մենք այդ իրադրությանը պետք է վերաբերվենք որպես աշխատանքային գործընթաց, որը պետք է շարունակենք կատռավարել, մինչև մեր հարցերը և մեզ ուղղված հարցերը պատասխան ստանան»,- ասել է Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ նախօրեին Արդարադատության նախարարությունում նաև անդրադարձել է այս հարցին և պետք է տեսական մակարդակում արձանագրենք մի բան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և վերջին շրջանի խոսակցությունները գնացել են հենց այդ ուղղությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նույնպես այդպիսի տարածքային պահանջներ չներկայացնել: 

«Սա ըստ էության նաև այն ըմբռնումն է, որ այս ընթացքում ձեռք է բերվել»,- պարզաբանել է վարչապետը:

Փաշինյանը անդրադարձել է նաև վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ, նպատակամղված խաղաղության գործընթացը փակուղի մտցնել ինչ-ինչ հետագա նպատակներով։ 

«Նույնիսկ այս մեկնաբանության պարագայում, ես կարծում եմ, որ մենք մեր ռազմավարությունը չպետք է փոխենք։ Մեր ռազմավարությունը եղել է և պետք է շարունակի մնալ ՀՀ-ի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ 

Եվ հիմա այդ երկկողմ աշխատանքային խողովակը պետք է բերի կոնկրետ արդյունքների՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը առանց վերապահումների ոչ միայն հայտարարեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլ նաև այդ իրողությունը արձանագրվի դե-յուրե խաղաղության պայմանագրով։ Եվ եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանը իմ ասած վատագույն սցենարով է առաջնորդվում, սա մեր ռազմավարությունը չպիտի փոխի, որովհետև մեր ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել