news.am: Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ խաղաղության բանակցություններում հիմնական երկու չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է այդ իրավական վեճերի բացառման:
«Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջև առկա իրավական վեճերը։ Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի, որ Հայաստանի համար ընդունելի է իրավական վեճերից հրաժարվելը, նա պատասխանեց. «Չեմ կարող դա բացատրել, ճիշտ չի լինի, որ ես դրա մասին որևէ մեկնաբանություն տամ, բայց կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի կողմից նախաձեռնած, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը, հիմնվելով նաև ռասիական խաթրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պրեամբուլայի վրա, միտված է պատերազմը կանխարգելելուն: Որովհետև ի սկզբանե հենց կոնվենցիայի նպատակներից մեկը եղել է այն, որ ռասիզմ քարոզելու կանխարգելումը և արգելքը միտված է խաղաղության ամրապնդմանը և պատերազմի կանխարգելմանը: Դա իմ կարծիքով շատ ողջամիտ ու տրամաբանական է»:
Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանն ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջներին և միջազգային ատյաններից հետ կանչի իրավական վեճերը, Կիրակոսյանը պատասխանեց.
«Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»։
comment.count (0)