Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների կարգավորման ընթացքը
15:12 - 23 հունվարի, 2024

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների կարգավորման ընթացքը

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնահերթ ու կարևոր խնդիրներ։

Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներից զեկուցվել է 6 հարց՝ 60-ից ավելի ենթահարցերով, որոնք հիմնականում առնչվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների կառավարման, ֆինանսական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, ծրագրերի իրականացման, տեղեկատվության ու այլ ոլորտներին։

Առանձնակի անդրադարձ է եղել  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հիմնախնդիրների կարգավորման ընթացքին։ Ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ՝ մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում դպրոցական ու նախադպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու, Սևան համայնքում բնակվող դպրոցահասակ երեխայի բուժման ընթացքի, պետության կողմից սոցիալական աջակցությունների տրամադրման, նպաստների և թոշակների վճարման, փաստաթղթային անճշտությունների ուղղման, Ճամբարակ համայնքում նախորդ տարեվերջին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի այցելության ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կողմից բարձրացված հարցերի հետ կապված խնդիրների կարգավորումը։

Խոսվել է նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման, 2024 թվականի բյուջեների հաստատման, ֆոնդային բյուջե ուղղված գումարների, ապառքների գանձման, աղբահանության պայմանագրերի կնքման, աղբավայրերի կառավարման, աղբահանության գումարների ճիշտ պլանավորման հարցերի շուրջ լիարժեք տեղեկատության տրամադրման մասին։

Ներկայացվել են  կատարված հանձնարարականները մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության ծավալման, ճանապարհների ամառային և ձմեռային պահպանության ու սպասարկման, ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման, Մարտունու ԲԿ և Զոլաքարի մանկապարտեզի նորառույց շենքերի շահագործման, քաղաքաշինական ու ենթակառուցվածքների կառավարման ոլորտի բազմաբնույթ հարցերի շուրջ։

Մարզպետ Կարեն Սարգսյանն առաջարկել է՝ այս պահից քայլեր ձեռնարկել նախատեսվող բոլոր կրթական, առողջապահական կամ այլ նշանակության հաստատությունների նորակառույց շենքերը համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելու ուղղությամբ։

«Բնական է, որ նորակառույց բոլոր շենքերը պետք է ապահովվեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Դրա համար անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրերի հայտերում ընդգրկել բոլոր այն ճանապարհները, ջրագծերը, գազատարները, այլ կոմունիկացիաները, առանց որոնց անհնար է պատկերացնել տվյալ կառույցի շահագործումը»,- շեշտել է Կարեն Սարգսյանը։

Մարզպետին տեղեկատվություն է ներկայացվել նաև 2021-2023 թվականներից 2024 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի, 2024 թվականին Միջգերատեսչական հանձնաժողով ներկայացված սուբվենցիոն ծրագրային հայտերի մասին։ Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ 2021-2023 թվականներից 2024 թվական է տեղափոխվել սուբվենցիոն 107 ենթածրագիր՝ 7,9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 2024 թվականին համայնքներից ներկայացված 31 ծրագրային հայտերով նախատեսվում է իրականացնել 150 ենթածրագիր՝ 12 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 7 միլիարդ 300 միլիոն դրամը կկազմի պետության, 4 միլիարդ 700 միլիոն դրամը համայնքների մասնաբաժինը։

Քննարկում է ծավալվել նաեւ առողջապահական առաջնային պահպանման հիմնարկների օպտիմալացման, բուժամանկաբարձական կետերի օգտագործվող տարածքների համար համապատասխան պայմանագրերի կնքման, քաղաքացիական պաշտպանության 2024 թվականի պլանների ճշգրտման, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների 2023 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվության ներկայացման, այլ գերատեսչությունների պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքի, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի նպատակային օգտագործման, առաջնահերթ ու կարևոր նշանակության այլ հարցերի շուրջ։

Խորհրդակցության արդյունքում առանձնացվեց այն հարցերի շրջանակը, որն օրակարգային կդառնա այս տարվա մարզի խորհրդի անդրանիկ նիստի համար։ Այն կհրավիրվի 2024 թվականի հունվարի 31-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել