factor.am: Հյուսիսային Կորեան առաջիկա ամիսներին կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ, հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
Նրանց կարծիքով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունները վերջերս «ավելի ագրեսիվ» են դարձել և դրանց պետք է լուրջ վերաբերվել։ Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ իրենք թեև Կորեական թերակղզում լայնամասշտաբ պատերազմի անմիջական վտանգ չեն տեսնում, սակայն Փհենյանը «կարող է հարվածներ հասցնել այնպես, որ խուսափի արագ էսկալացիայից»։
Որպես օրինակ նրանք մատնանշել են 2010 թվականին հարավկորեական Յոնպյոնդո կղզու հետ կապված միջադեպը, երբ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան փոխանակվեցին հրետանային կրակով։ Երկու կողմից զոհվեց մի քանի զինվորական և քաղաքացիական անձ, սակայն հրետակոծությունը չվերաճեց ավելի մեծ բախման։
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Կիմ Չեն Ընը «հավանաբար քաջալերված է Ռուսաստանի հետ իր գործընկերության ընդլայնմամբ»: Այդուհանդերձ, ամերիկյան գերատեսչությունները դեռ չեն արձանագրել կոնկրետ նշաններ, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական գործողությունների կամ մեծ պատերազմի։
comment.count (0)