ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շնորհավորեց Վրաստանի Կառավարությանը և ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու համար և այն որակեց «պատմական իրադարձություն» Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար:
Ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր, ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ ու մարդկանց միջև շփումներ:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին:
«Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը:
Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները: Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառույթների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վրաց գործընկերներին է ներկայացրել ՀՀ Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները:
«Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարությունն ու փոխադարձության սկզբունքները: Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև:
Ընդգծել ենք, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը (նախատեսվում է Սև ծովի հատակով Վրաստանից Ռումինիա ստորջրյա էլեկտրական մալուխ անցկացնել – խմբ.), որին միանալու հարցում ՀՀ-ն ցուցաբերում է մեծ հետաքրքրություն»,- ասաց նա:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)