hetq.am: Թրանսփարենսի Ինթրնեշնլը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման 2023թ․ համաթիվը։ Ըստ կազմակերպության՝ կառավարություններին հիմնականում չի հաջողվում կանգնեցնել կոռուպցիան։
Բեռլին, հունվարի 30, 2024թ – Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) ցույց է տալիս, որ պետությունների մեծ մասը քիչ կամ ոչ մի առաջընթաց չի գրանցել հանրային ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում: ԿԸՀ արժեքի համաշխարհային միջինը տասներկուերորդ տարին անընդմեջ մնում է անփոփոխ՝ 43։ Պետությունների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ համաթվի արժեքները 50-ից ցածր են, ինչը վկայում է կոռուպցիոն լուրջ խնդիրների առկայության մասին:
Համաձայն Օրենքի գերակայության համաթվի՝ աշխարհում արդարադատության համակարգերի արդյունավետությունն անկում է ապրում։ Այս համաթվով ամենացածր միավորներ ունեցող երկրները նմանապես ԿԸՀ շատ ցածր միավորներ ունեն՝ ընդգծելով հստակ կապը արդարադատության հասանելիության և կոռուպցիայի միջև: Ե՛վ ավտորիտար վարչակարգերը, և՛ ժողովրդավար առաջնորդները՝ խաթարելով արդարադատությունը, նպաստում են կոռուպցիայի անպատժելիության աճին և, որոշ դեպքերում, նույնիսկ խրախուսում են այն՝ օրինախախտների համար վերացնելով հետևանքները: Նրանց գործողությունների ազդեցությունն ակնհայտ է բոլոր երկրներում՝ Վենեսուելայից (ԿԸՀ 13 միավոր) մինչև Տաջիկստան (ԿԸՀ 20 միավոր):
Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության նախագահ Ֆրանսուա Վալերիանը նշում է.
«Կոռուպցիան կշարունակի ծաղկել այնքան ժամանակ, քանի դեռ արդարադատության համակարգերը չեն կարողանում պատժել ապօրինությունը և վերահսկել կառավարություններին: Երբ արդարադատությունը գնվում է կամ նրա նկատմամբ քաղաքական միջամտություն է տեղի ունենում, տուժողը ժողովուրդն է լինում։ Առաջնորդները պետք է իրենց ուժերը լիովին ներդնեն՝ երաշխավորելու համար այն ինստիտուտների անկախությունը, որոնք պահպանում են օրենքը և պայքարում կոռուպցիայի դեմ: Ժամանակն է վերջ տալ կոռուպցիայի անպատժելիությանը»։
Կոռուպցիայի իրավիճակն աշխարհում
ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:
Յուրաքանչյուր պետության ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի վերլուծության վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս ԿԸՀ 2023 էջի հղումը։
Կոռուպցիան և անարդարությունը
Անկախ, թափանցիկ և պատշաճ ծավալի միջոցների տիրապետող դատական մարմինները և իրավապահ կառույցներն առանցքային նշանակություն ունեն կոռուպցիան զսպելու գործում: Իր հերթին, արդարադատության համակարգերի վրա քաղաքական իշխանության չարաշահման, կաշառակերության և կոռուպցիայի այլ ձևերի ազդեցության կանխումը, էական նշանակություն ունի նրանց արդյունավետությունն ապահովելու համար:
Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում կառավարություններին արդարադատության համակարգերի համար ապահովել անկախություն, ռեսուրսներ և թափանցիկություն, որոնք անհրաժեշտ են բոլոր կոռուպցիոն հանցագործությունների համար արդյունավետ պատիժ նշանակելու և իշխանության նկատմամբ վերահսկողություն և հակակշիռներ ապահովելու համար: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներդրվեն ավելի լավ ընթացակարգեր և օրենքներ, որոնք կօգնեն արդարադատության հաստատություններին պաշտպանվել կոռուպցիոն գործողություններից և թիրախավորել դրանք։
Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիքսոնը նշում է.
«Կոռուպցիան էլ ավելի է խորացնում սոցիալական անարդարությունը և անհամաչափորեն ավելի վատ է ազդում ամենախոցելի խավերի վրա։ Շատ երկրներում կոռուպցիայի զոհերի համար արդարությանը հասնելու խոչընդոտները պահպանվում են: Ժամանակն է կոտրել պատնեշները և ապահովել, որ մարդիկ կարողանան արդյունավետ կերպով օգտվել արդարադատությունից: Յուրաքանչյուր ոք արժանի է արդար և ներառական իրավական համակարգերի, որտեղ զոհերի ձայնը լսելի է յուրաքանչյուր փուլում։ Ցանկացած այլ բան վիրավորանք է արդարադատության նկատմամբ»:
Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2023 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։ ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։ Ավելի շատ տեղեկատվության համար՝ տե՛ս ԿԸՀ այբուբենը․ ինչպես է հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը։
comment.count (0)