hetq.am: Փարիզի Լիոնի կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի մայրաքաղաքային ոստիկանությանը։
Վերջինիս տվյալներով հարձակում գործած անձը ձերբակալվել է։ Խոսքը ծնունդով Մալիից 1992 թվականին ծնված տղամարդու մասին է, որը ձերբակալման ժամանակ ոստիկանությանը ներկայացրել է Իտալիայում իրեն տրված վարորդական վկայականը։
Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ առնվազն 3 մարդ տուժել է, նրանց մեկի վնասվածքները ծանր են։ Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 3-ին կայարանի N 3 սպասասրահում, տեղի ժամանակով առավոտյան 08:00-ի շրջանում (Երևանի ժամանակով՝ 11:00-ի)։
Ոստիկանները տարհանել են սպասրահի խանութների և ռեստորանների աշխատակիցներին։
Հարձակման պատճառով կայարանում խափանվել է գնացքների երթևեկությունը։ Ուղևորներին «խորհուրդ է տրվել այլընտրանքային երթուղիներ փնտրել»։
comment.count (0)