Ժողովուրդը բացել է ճանապարհը, սպասում ենք մարզպետին. Վարդենիսի քաղաքապետ |aysor.am|
12:42 - 12 փետրվարի, 2024

Ժողովուրդը բացել է ճանապարհը, սպասում ենք մարզպետին. Վարդենիսի քաղաքապետ |aysor.am|

aysor.am: Վարդենիսցիները, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին անում ու փակել էին ճանապարհը, դադարեցրել են ակցիան, այս մասին Aysor.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը։

«Ժողովուրդը փակել էր ճանապարհը, հիմա բացել են, սպասում ենք մեր մարզպետը գա, խոսենք բոլոր հարցերի մասին, լսենք պատասխանները։ Մեր ժողովուրդը համեստ, ակուրատնի ժողովուրդ է, իրենց հարցերը կտան, մարզպետը կպատասխանի, կվերջացնենք»,- նշեց Խաչատրյանը։

Նա վստահեցրեց, որ այս պահին Վարդենիսում փակ ճանապարհ չկա։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են, հենց այս պատճառով էլ վարդենիսցիները բողոքի ակցիա էին դուրս եկել։

Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

«Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»,- թեմային անդրադառնալով՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել