Ինչ է կատարվում Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջ
10:56 - 19 փետրվարի, 2024

Ինչ է կատարվում Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը զավթվել է նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի և նրա շրջապատի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԿԽԸ-ից։ 

«Դեկտեմբերի 29-ին նշանակված 28-րդ հերթական Համագումարից մի քանի օր առաջ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում, իսկ վերջինիս որդին՝ Ալեքսանդր Մնացականյանը, հոր առողջությամբ զբաղվելու փոխարեն, դեկտեմբերի 28-ին հանդիպելով ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ, հայտ ներկայացրեց  ընտրվելու ՀԿԽԸ նախագահ, պնդելով, որ դա իր հոր կամքն է և իրեն պետք է հրատապ ելույթ տրամադրեն։ Հարկ է նշել, որ նախագահի պաշտոնը ընտրովի է, մեկ մարդու կամքից կախված չէ, և համագումարն է ընտրում ՀԿԽԸ  նախագահին։ 

Համագումարն, այնուամենայնիվ, հետաձգվեց՝ Մխիթար Մնացականյանի առողջական վիճակի և սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության պատճառով։ 
Ս․թ․ հունվարի 24-ին Աննա Եղիազարյանը, որը  19 տարի զբաղեցնում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրենի/գլխավոր քարտուղարի պաշտոնը, և որի ղեկավարությամբ է հատկապես վերջին 10 տարիների ընթացքում դինամիկ զարգացել ՀԿԽԸ-ն, հայտնեց նախկին նախագահ Մխիթար Մնացականյանին և անձնակազմին, որ հաջորդ համագումարում ինքնաառաջադրվելու է՝  որպես ՀԿԽԸ նախագահի թեկնածու։

Կարևոր է իմանալ, որ ընտրելու իրավունք ունեցող պատվիրակներից կազմված համագումարն արդեն կազմված էր, և Մխիթար Մնացականյանը նրանց հերթով փորձում էր հրավիրել իր տուն՝ զրույցների, սակայն բոլորը միաձայն մերժեցին հրավերը, շեշտելով, որ սատարում են Աննա Եղիազարյանի թեկնածությունը։ 

Տեսնելով, որ ընտրողների շրջանում սատարում չունի, փետրվարի 2-ին նա գումարեց ՀԿԽԸ նախագահության նիստ, որին՝ հաջորդ համագումարի օրն ու վայրը որոշելու փոխարեն, կայացվեց ՀԿԽԸ Կանոնադրությանը հակասող ապօրինի և ոչ իրավաչափ որոշում՝ նախագահի պաշտոնակատար ընտրելով փաստացի նախագահության անդամ չհանդիսացող անձի Մխիթար Մնացականյանին։ Նրա  պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, և ըստ ՀԿԽԸ կանոնադրության նա այլևս նախագահ ընտրվելու իրավունք չունի։ ՀԿԽԸ Կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնակատար պետք է ժամանակավոր նշանակվեր նախագահության անդամներից մեկը, մինչև հաջորդ հերթական կամ արտահերթ համագումարը։

Այնուհետև, 08․02․2024թ․-ին Նախագահության անդամները՝ Մխիթար Մնացականյանի դրդմամբ, առանց զգուշացման և որևէ խնդրի բարձրաձայնման, որոշեցին  աշխատանքից ազատել ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղարին և նրա փոխարեն նշանակել Կարմիր խաչի նման մարդասիրական կառույցի հետ ոչ մի առնչություն չունեցող, տվյալ ոլորտում փորձ և հմտություններ չունեցող Արթուր Արիստակեսյանին (ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Արիստակեսյանն է, որին ազատել են աշխատակից 2018 թվականին)։ 

Նույն նախագահության նիստում որոշում է կայացվել բացել գլխավոր քարտուղար/գործադիր տնօրենի տեղակալի պաշտոն, որին նշանակվել է Մխիթար Մնացականյանի թոռը՝ Դավիթ Ներսիսյանը։ 

Աշխատակիցների մեծամասնությունը, այդ թվում՝ 9 բաժինների ղեկավարներից 7-ը,  հրաժարվեց աշխատել նշված անձանց ենթակայությամբ, որովհետև նշականակվելուն պես գործադիր տնօրենն սկսեց սպառնալ աշխատակիցներին քրեական գործերով։ 

Նույն օրվանից, աշխատակազմի մեծ մասը  հասանելիություն չունի աշխատանքային և ֆինանսական փաստաթղթերին և գույքին։

 ՀԿԽԸ թիմը, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերության հեղինակությունն ու կառույցի փրկությունը համարելով առաջնահերթություն, ուժերի գերլարումով կարողացավ կազմակերպել անդամների 1/3-ի պահանջով ձևավորված համագումարը՝ կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ պայքարելով նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի ընտանիքի ստեղծած խոչընդոտների դեմ՝ դահլիճի ամրագրման խնդիրներից մինչև ընտրելու իրավունք ունեցող պատվիրակների կաշառում կամ ահաբեկում։ 

Պետք է նշել, որ Համագումարին՝ ՀԿԽԸ ցանկացած անդամ կարող է ինքնաառաջադրվել կամ առաջադրվել՝ որպես նախագահի թեկնածու, և Մխիթար Մնացականյանի որդին կարող էր օգտվել այդ իրավունքից։ 

Համագումարը խափանելու անկասելի մոլուցքը շարունակվեց նույնիսկ համագումարի օրը, երբ փետրվարի 15-ի առավոտյան Աննա Եղիազարյանը ծանուցում ստացավ, որ դադարեցվել է իր անդամությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։ Սույն որոշումը, սակայն չեղյալ համարեց համագումարը՝ օգտվելով իր բացառիկ իրավունքից։ Ավելին, համագումարի ժամանակ քվերակվեց և պատվիրակների կողմից միաձայն որոշվեց վաղաժամկետ դադարեցնել նախագահության անդամների լիազորությունները։ 

Ներկա պահին ՀԿԽԸ-ը կենտրոնական գրասենյակի շենքը տնօրինվում է անօրինական նշանակված նախագահի պաշտոնակատարի՝ Մխիթար Մնացակայանի, , լիազորությունները դադարեցված նախագահության անդամների, ապօրինի նշանակված գործադիր տնօրեն՝ Արթուր Արիստակեսյանի և նախկին նախագահի թոռան՝ Դավիթ Ներսիսյանի կողմից։ 

ՀԿԽԸ թիմը՝ նախագահ Աննա Եղիազարյանը և անձնակազմի մեծ մասը, ս․թ․ փետրվարի 9-ից մինչ օրս գրասենյակում իրականացված գործունեության, փաստաթղթերի և գույքի օգտագործման, ինչպես նաև կատարված ֆինանսական գործարքների համար պատասխանատվություն չի կրում»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել