armtimes.com: Այս պահին կարող ենք արձանագրել, որ դեռեւս չկա համաձայնություն նշված հարցերի վերաբերյալ:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի կողմից ստացվել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական տարբերակը:
«Հույս ունենք, որ ԱԳ նախարարների միջեւ հանդիպում տեղի կունենա, որտեղ բոլոր հարցերը կքննարկվեն: Այս պահին կողմերի միջեւ սկզբունքային հարցերում համաձայնություն գրանցված չէ: Այս պահին ընթանում են քննարկումներ նախարարների ղեկավարած պատվիրակությունների միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հաջորդ հանդիպման վերաբերյալ»,-ասաց նա:
Հարցին՝ ինչն է խանգարում բանակցությունների հաջող ընթացքին, Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է Ադրբեջանին խանգարում, կարող եմ վերահաստատել, որ հայկական կողմը շահագրգռված է եւ շարունակում է պատրաստակամ մնալ, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Փաստը, որ հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում, կարելի է դրական համարել, բայց մեզ անհրաժեշտ է հանդիպումներից եւ քննարկումներից ի վերջո, անցնել ավելի պրակտիկ գործողությունների, եւ այն պայմանավորվածությունները, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ձեռք են բերվել, մասնավորապես, երեք սկզբունքների շուրջ, ի վերջո, փաստաթղթային արձանագրում տալ դրան»:
Նա նկատեց, որ մի քանի անգամ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուժի չկիրառման մասին, բայց ցավալիորեն դրանք խախտվել են Ադրբեջանի կողմից:
comment.count (0)