«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին
20:19 - 29 փետրվարի, 2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին՝ ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին կոչ անելով Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Միությունը վստահություն է հայտնել, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում։

Հայտարարության մեջ նշված է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ իր ելույթներում անընդհատ շեշտում է, որ էներգետիկ մատակարարումների առումով Ադրբեջանի դերը մեծացել է աշխարհում։ Նման իրողությունները գուցե ներշնչել են Իլհամ Ալիևին, որ էներգետիկ ռեսուրսների մատակարարման միջոցով հնարավոր է ստիպել Եվրոպային աչք փակել այն ռասիստական, ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանության և համապատասխան գործողությունների վրա, որոնք վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Եվրախորհրդարանի բանաձևը հռչակում է նաև, որ հնարավոր են թիրախային և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ։ Սա իրապես կարող է զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար, սակայն արդարացի կլիներ, որպեսզի ադրբեջանական բռնատիրական և ցեղասպան վարչակարգը պատժվեր արդեն իսկ գործված հանցանքների համար։

Ադրբեջանում ազատության մեջ են և անգամ հերոսացվում ու որպես օրինակ են փառաբանվում հայերի նկատմամբ բռնություններ իրականացրածները՝ սկսած 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության դահիճներից մինչև Կամիլ Զեյնալլը և ռամիլսաֆարովական այլ քրեական զանգվածներ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը։ Եկել է խոսքից գործին անցնելու և մեր տարածաշրջանում հասունացող բռնատիրության տարածման փորձերը կանխելու ժամանակը։ Այնուհանդերձ, մենք կրկին կոչ ենք անում ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Մենք վստահ ենք, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել