Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
 |1lurer.am|
13:00 - 02 մարտի, 2024

Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Լավ է հնչում, երբ խոսում ենք փոխկապակցվածություն, միջազգային առևտրի և տարանցման, մշակութային և մարդկանց միջև հաղորդակցության խորացման մասին. տնտեսության տեսանկյունից փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության մեծացումը շահավետ կլինի: Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Իմ երկիրը՝ Հայաստանը, դեպի ծով ելք չունեցող երկիր է, և մենք շատ լավ ենք հասկանում վերոնշյալի կարևորությունը եթե ոչ ավելի, առնվազն ոչ պակաս, քան այս սենյակում հավաքված մարդիկ: Բացի դրանից՝ մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում: Մենք երկու հարևանների հետ էլ բանակցություններ ենք վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- իր ելույթում ասել է նախարարը:

Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար: Միրզոյանը շեշտել է, որ դա վերաբերում է նաև մեր տարածաշրջանին:

«Ուստի Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Մենք այդ ծրագիրը տեսնում ենք ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլև որպես պոտենցիալ խաղաղության գործոն»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այն սկզբունքները, որոնք ընկած են դրա հիմքում՝ նախարարը հույս է հայտնել, որ ֆորումի մասնակիցները դրանք արդար կհամարեն: Միրզոյանը շեշտել է հատկապես տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային օրենսդրության հիման վրա: Արտգործնախարարը նշել է, որ համագործակցությունը պետք է կառուցվի հավասարության և փոխադարձության հիման վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել