factor.am: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ում գրառմամբ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Սկզբում հայ մտավորականներին, ապա ամբողջ հայ ժողովրդին տեղահանեցին իր հինավուրց հողերից ու կոտորեցին։ Ես հարգանքով եմ հիշում նրանց, որոնք կորցրել են իրենց կյանքը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Աստված նրանց հոգին լուսավորի»,- գրել է Փայլանը։ «Ես դատապարտում եմ Հայոց ցեղասպանության մեղավորներին։
Ես խոնարհվում եմ ժամանակաշրջանի բոլոր բարեխիղճ պետական պաշտոնյաների հիշատակի առաջ՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյի, որոնք իրենց կյանքի գնով չկատարեցին ցեղասպանության որոշումը։ Լիզեի շրջանի կառավարիչ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվել է, քանի որ դեմ է եղել հայերի տեղահանությանը և ջարդերին։ Մենք պետք է այս երկիրը դարձնենք Հուսեյն Նեսիմի բեյերի երկիր, ոչ թե Թալաթ փաշաների»,- հավելել է նա։
Փայլանը նաև նշել է, որ 109 տարի անց Թուրքիայում քայլում են Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով ու երեխաներին ուղարկում Թալեաթ փաշայի անունով դպրոցներ։
«Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այսօր Գերմանիայում լինեին Հիտլերի անունով փողոցներ, և եթե երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում»,- գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավորը։
comment.count (0)