azatutyun.am: Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Երևանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, հայտարարում է իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Ըստ նրա՝ Հայաստանն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի։
«Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ացնած շաբաթ չբացառեց՝ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Կազմակերպության վերաբերյալ Երևանից հնչող գնահատականներին շաբաթավերջին արձագանքեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ընդգծեց՝ հետևում են Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և և հետևություններ կանեն սեփական գործնական քայլերը պլանավորելիս: Լավրովի խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ:
Երևանը ոչ այս, ոչ էլ ՀԱԿՊ-ից դուրս գալու հարցով դեռ որոշում չունի, վստահեցնում է իշխանական պատգամավորը: Միևնույն ժամանակ Գագիկ Մելքոնյանը չի բացառում՝ եթե Հայաստանը շարունակի այժմյան քաղաքականությունը, կհեռացվի Մոսկվայի առաջնորդած դաշինքից:
«Այդ ամեն ինչը քննարկվում է, այդ քննարկումից հետո կերևա՝ իրե՞նք են մեզ դուրս հանելու, թե՞ մենք ենք դուրս գալու։ Բայց ժամանակ կա, որովհետև քննարկումները դեռ գնում են», - շեշտեց իշխանական պատգամավորը։
comment.count (0)