azatutyun.am:«Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում», - այսօր Բաքվում՝ «Պաշտպանելով բազմազանությունը. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևն ասել է, թե Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ «գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում»։
«Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
2020-ի աշնանից Հայաստանը շարունակաբար ահազանգում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։
Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։
Դեռ 2023-ի նոյեմբերին, երբ Երևանը կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Արցախ՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով, Բաքվի արձագանքը չուշացավ՝ օերեր անց Բաքուն հորդորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Հայաստան։
2023-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովին հայտարարեց՝ Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է՝ առանցաժքային գործոն համարելով Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ։
Միրզոյանի հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Փարիզում հանդիպումներ է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, կոչ անում առաքելություն ուղարկել Հայաստան՝ «փաստեր հավաքելու համար՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը»։
comment.count (0)