Առկա է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ. ո՞ր դրույթներն են փոփոխման ենթակա |armeniasputnik.am|
15:40 - 11 մարտի, 2024

Առկա է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ. ո՞ր դրույթներն են փոփոխման ենթակա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Գոյություն ունի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Արդարադատւթյան նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։

Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե հանձնաժողովը մայր օրենքի որ դրույթներն է քննարկում փոփոխել, սակայն նշում են, որ հաստատված նախագծում «առկա են դրույթներ, որոնք վերաբերում են պետության կառավարման ձևին, նախագահի լիազորությունների շրջանակին, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելուն, Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորությանը և դրանց կարգավիճակին, մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերին, Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելուն»։

Նշվում է, որ հայեցակարգը նախատեսում է նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը կարծրացնելուն և այլ կարգավորումներին վերաբերող փոփոխություններ, որոնք արդեն հաստատվել են նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից:

Արդարադատության նախարարությունից նաև հայտնել են, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է իրավաբան-գիտնական Դավիթ Հակոբյանը։ Թե ուրիշ ինչ մասնագետներ են ներառված մասնագիտական հանձնաժողովի կազմում՝ գերատեսչությունից չեն հստակեցնում։

Նշենք, որ Դավիթ Հակոբյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր ընտրվել հայտարարված մրցույթի արդյունքում՝ 2023թ․-ի փետրվարի 3-ին։ Ավելի ուշ Հակոբյանը դարձել էր հանձնաժողովի աշխատանքները համակարգողը։

Հիշեցնենք՝ ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասել է, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։

Նույն օրը՝ փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել