Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է․ Ստոլտենբերգն ու Կոբախիձեն բանակցություններ են անցկացրել |factor.am|
17:43 - 18 մարտի, 2024

Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է․ Ստոլտենբերգն ու Կոբախիձեն բանակցություններ են անցկացրել |factor.am|

factor.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Թբիլիսի ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Վրաստանի «Առաջին ալիքի» հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը, ՆԱՏՕ-Թբիլիսի հարաբերությունների օրակարգին և հետագա համագործակցության հեռանկարներին։

Նշվել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, ինչն ամրագրված է երկրի Սահմանադրության մեջ։ Ուշադրություն է դարձվել Սև ծովի անվտանգության խնդիրներին և ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում Սևծովյան տարածաշրջանի կայունության կարևորությանը։ Հանդիպմանը հետևել է մամուլի համար համատեղ հայտարարությունը։

«Սա ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է մեզ համար Վրաստան-ՆԱՏՕ գործընկերությունը, մենք ողջունում ենք նաև այն փաստը, որ դուք Բրյուսելում էիք մի քանի շաբաթ առաջ։ Հիմա ես այստեղ եմ, այս ամենը վկայում է այն մասին, որ մեր միջև կա ակտիվ քաղաքական երկխոսություն գործընկերության շրջանակում։

Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի մաս են կազմում։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների՝ որպես անկախ պետությունների ճանաչումը։ Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի կողմից կազմակերպված ընտրությունների անցկացումը լիովին անօրինական է, և ՌԴ նախագահական ընտրություններն ակնհայտորեն ո՛չ ազատ են եղել, ո՛չ թափանցիկ»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել