Ամերիկյան կողմն անդրադարձել է սահմանագծմանը ոչ ասելու դեպքում հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությանը
09:31 - 20 մարտի, 2024

Ամերիկյան կողմն անդրադարձել է սահմանագծմանը ոչ ասելու դեպքում հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ասել էր, որ եթե հայկական կողմն ասի, որ համաձայն չէ սահմանազատմանը, մեկ շաբաթից պատերազմ կսկսվի․ «Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»։

Վենդանտ Պատելը հայտնել է, որ միայն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չէ, որ կենտրոնացած է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խնդրի վրա։

«Սա մի հարց է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել։ Սա այն է, ինչի վրա ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնո) շարունակում են կենտրոնանալ՝ փոխգործակցելով համապատասխան կողմերի հետ»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել