<dicivilnet.am: v class="entry-content">
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծում է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, մոլորեցնում է հասարակությանը։ Այդ մասին նա ասել է մարտի 21-ի ճեպազրույցին՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ներկա կարգավիճակին ու խորացման հեռանկարներին։
«Նիկոլ Փաշինյանի օրակարգային շեղումների հերթական մեկնաբանությունը պետք է երևակայական դաշտից դուրս բերենք․ մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն․ եկեք չմոլորեցնենք հասարակությանը, նման առաջարկ մեզ չի արվել։ Այդպիսի առաջարկի ժամկետների մասին անգամ չի խոսվում»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանական շրջանակներում հասարակությանը փորձում են խաբել՝ «պայծառ ապագայի սպասումով»։
Խոսելով՝ Հայաստանի սահմանին Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության մասին, նա նշեց, որ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը կարողացել է պաշտպանել իր սահմանները։
Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։
Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվ աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև մարդկանց միջև շփումների, անվտանգության, քաղաքական երկխոսության ոլորտներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման առարկա դառնա»։
2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Նախորդ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։
comment.count (0)