civilnet.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին հորդորում է Ադրբեջանին փոխանցել ականազերծման «ճշգրիտ քարտեզները»։ Թուրքիայի ԱԳՆ-ը նման հայտարարություն է տարածել ապրիլի 4-ին՝ ականազերծման միջազգային օրվա առթիվ։
«Մենք կիսում ենք Ադրբեջանի մտահոգությունը, որի ազատագրված տարածքներում առկա են բազմաթիվ ականներ: Կոչ ենք անում Հայաստանին ականների ճշգրիտ քարտեզներ փոխանցել Ադրբեջանին»,- ասված է հայտարարությունում։
2021-ին մի քանի անգամ առանց նախապայմանների հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ, որոնք ի հայտ են եկել ԼՂ նախկին զինծառայողների շրջանում արված հարցումների ընթացքում։
Ադրբեջանական կողմը նշում է, որ 2020-ի պատերազմի ավարտից մինչև օրս ականի պայթյունից տուժել է 342 քաղաքացի ադրբեջանցի։ Նրանցից որոնցից 65-ը զոհվել են, այդ թվում ՝ 3 լրագրող, իսկ 65 զոհերից 50-ը քաղաքացիական անձինք են եղել։
Բաքուն պնդում է, թե հայկական կողմի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։ Երևանն ի պատասխան հայտարարում է՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:
comment.count (0)