Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել. Անդրանիկ Քոչարյանը՝ ոսկեպարցիներին տված խոստման մասին |news.am|
14:15 - 09 ապրիլի, 2024

Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել. Անդրանիկ Քոչարյանը՝ ոսկեպարցիներին տված խոստման մասին |news.am|

news.am: Դրա համար հանձնաժողով կա, դրա համար այսօր՝ ժամը 14:30-ին, լսում ունենք, և՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, և՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լինելու են այստեղ, և հնարավորություն ունեք այդ հարցը տալ նրանց. Խոսքը վերաբերում է պետական սահմանի արձանագրման գաղափարի շուրջ գնացող քննարկումներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրչադառնալով հարցին, թե ո՞վ է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել հենց Տավուշի մարզից:

«Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ԶՈՒ-ն ունի ծրագրով նախատեսված գործառույթներ, որն իրականացնում է:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը նշեց՝ կրակոցներ չպետք է լինեն. «Բայց կրակոցները մեզ 30 տարի ուղեկցում են, էլի են ուղեկցելու, ուրիշ բան, որ չպետք է թույլ տալ, որ այդ տրամաբանությունը մշտապես գործի: Կրակոցներն ի վերջո պետք է դադարեն, դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնենք, որովհետև այս թշնամանքը երկար տարիների հետևանք է: Այս թշնամանքը հաղթահարելն այդպես հեշտ չի լինելու, որովհետև խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, քան պատերազմ մղելը, իսկ շատ դեպքերում պատերազմ անում են խաղաղությանը հասնելու համար»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ կհասնե՞նք արդյոք խաղաղության, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են:

«Խաղաղության հասնելու համար պետք է ամեն օր զինված ուժերի կարողություններն ավելացնենք, պաշտպանական, բնականաբար»,- եզրափակեց խոսքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ 10 օրից նորից կհանդիպի նրանց, սակայն արդեն 15 օրից ավելի է անցել՝ Քոչարյանը պատասխանեց. «Եթե վարչապետը խոստացել է, կարծում եմ՝ նա նկատի կունենա՝ հաշվի առնելով նաև իր զբաղվածությունը։ Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել