Այսօր՝ ապրիլի 12-ին, ՀՀ կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։
2024/2025 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը նախագծվել են ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները, դիմելիությունը՝ ըստ բուհերի, նախորդ տարիների ընդունելության արդյունքներըն ու տվյալ մասնագիտության համար բուհին տրամադրված լիցենզիայով սահմանված տեղերը։
Մասնավորապես՝ համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթկան ծրագրերին և այլ մասնագիտությունների:
Ընդհանուր առմամբ 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3162 տեղ, որից 2096-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Նախորդ՝ 2023/2024 ուսումնական տարվա՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, իսկ 2024/2025 ուստարվա համար նախատեսվում է 2096 տեղերից 1264-ը՝ ընդհանուր տեղերի թվի 61%-ը:
Հաշվի առնելով 2023/2024 ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը՝ նախատեսվում է 2024/2025 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 14 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Նախագծի համաձայն՝ մեկշաբաթյա ժամկետում ԿԳՄՍ նախարարը կհաստատի բուհերում վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերը՝ նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:
comment.count (0)