arm.sputniknews.ru: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հույս է հայտնել, որ իր պետական այցը Ֆրանսիա թույլ կտա ամրապնդել երկու երկրների փոխադարձ քաղաքական վստահությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Չինաստանի նախագահը տիկնոջ՝ Պեն Լիյուանի հետ երեկ ժամանել է Փարիզ՝ սկսելով պետական այցը Ֆրանսիա, որը վերջին հինգ տարվա ընթացքում Չինաստանի ղեկավարի առաջին այցն է դարձել եվրոպական այդ երկիր:
«Հուսով եմ, որ այս այցի շնորհիվ մենք կամրապնդենք երկու երկրների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ քաղաքական վստահությունը, կհասնենք ռազմավարական կոնսենսուսի, կխորացնենք փոխանակումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև կօգտագործենք պատմության ջահը առաջ առաջընթացի ճանապարհը լուսավորելու համար»,-ասված Է Սի Ծինփինի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Սի Ծինփինը նաև հիշեցրել է, որ սա արդեն իր երրորդ պետական այցն է Ֆրանսիա, նախորդները եղել են 2014 և 2019 թվականներին՝ ՉԺՀ-ի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակը և 55-ամյակը նշելու առիթներով:
«Վաթսուն տարի առաջ Չինաստանն ու Ֆրանսիան հաղթահարեցին «սառը պատերազմի» արգելքները և դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ Վերջին 60 տարիների ընթացքում չին-ֆրանսիական հարաբերությունները մշտապես գտնվել են արևմտյան երկրների հետ Չինաստանի հարաբերությունների առաջին շարքում՝ միջազգային հանրությանը տարբեր սոցիալական համակարգեր ունեցող պետությունների միջև խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության օրինակ ցույց տալով»,-նշել Է Սի Ծինփինը։
Իր եվրոպական շրջագայության շրջանակներում, որը կտևի մայիսի 5-10-ը, Սի Ծինփինը Ֆրանսիայից բացի կայցելի նաև Սերբիա և Հունգարիա:
comment.count (0)