Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 20-ին ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցությունն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու դժվարին փորձությունը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանից վերադառնալիս Իրանի նախագահի ուղղաթիռը կործանվել է երկրի Վերզեգան շրջանում: Զոհվել են նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ուղեկցող անձինք։
comment.count (0)