Ալիևը հայտարարել է, որ մինչ տարեվերջ նախատեսում են Արցախում 20,000 մարդու բնակեցնել
 |factor.am|
22:50 - 06 հունիսի, 2024

Ալիևը հայտարարել է, որ մինչ տարեվերջ նախատեսում են Արցախում 20,000 մարդու բնակեցնել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մեհմեդ Սուրեյա Էրային, ինչպես նաև Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանների ղեկավարներին ու Հունգարիայի Ազգային ժողովի փոխխոսնակին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևը հանդիպմանը կրկին խոսել է Արցախը բնակեցնելու իր ծրագրերից։

«Արդեն վերականգվել է 4 քաղաք ու 4 գյուղ։ Ավելի քան յոթ հազար նախկին տեղահանվածներ արդեն ապրում են իրենց նախնիների հողերում, իսկ այս տարվա վերջում այդ թիվը կհասնի առնվազն 20 հազարի»,- հայտարարել է Ալիևը։ Նա նշել է, որ իր նախաձեռնությամբ մեկ ամսից Շուշիում տեղի է ունենալու Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

«Այս հանդիպման հիմնական թեմաները կապված են լինելու տրանսպորտի և կլիմայի հետ։ Եվ դա բնական է, քանի որ այսօր տրանսպորտային կապերի ստեղծումն ու ընդլայնումը թյուրքական աշխարհի միավորման հետ սերտորեն կապված գործընթաց է։ Ուշադրության կենտրոնում են Միջին միջանցքի շահագործումը սկսելու և բեռնափոխադրումների ավելացման հարցերը։ Այստեղ համագործակցում են Թյուրքական պետությունների կազմակերպության բոլոր անդամ երկրները։ Կարծում եմ, որ ներկայում աշխարհում Միջին միջանցքի ներուժի մեծ կարիք կա։ Այս թեմայի և մեր հետագա քայլերի շուրջ մենք պետք է ունենանք կարծիքների լայն փոխանակում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ Ջրականի շրջանի բնակավայրերից մեկում Հունգարիայի ֆինանսական աջակցությամբ դպրոց է կառուցվելու։

«Թյուրքական աշխարհը հսկայական ներուժ ունեցող մեծ ընտանիք է, որն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։ Տրանսպորտային ուղիները, էներգետիկ ռեսուրսները, մարդկային կապիտալը, աճող բնակչությունը, դրական ժողովրդագրական իրավիճակը՝ սա հսկայական ներուժ է։ Մեր խնդիրն է՝ այդ ներուժը վերածել մեծ ուժի համաշխարհային մասշտաբով։ Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր գագաթնաժողով ևս մեկ քայլ է դեպի մեր նպատակները»,- հայտարարել է Ալիևը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել