Իսպանիան նվաճեց ֆուտբոլի Եվրոպայի գավաթը, Արգենտինան՝ Ամերիկայի
09:37 - 15 հուլիսի, 2024

Իսպանիան նվաճեց ֆուտբոլի Եվրոպայի գավաթը, Արգենտինան՝ Ամերիկայի

«Եվրո-2024»-ի եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հանդիպումը տեղի ունեցավ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:

Հանդիպման բոլոր գոլերը արձանագրվեցին երկրորդ խաղակեսում: Խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց Նիկո Ուիլյամսը՝ առաջ մղելով իսպանացիներին: 73-րդ րոպեին Քոլ Պալմերի գոլի շնորհիվ Անգլիան կարողացավ հավասարեցնել հաշիվը: Սակայն 86-րդ րոպեին Միկել Օյարսաբալը խփեց Իսպանիայի հաղթական գնդակը:

Հարկ է նշել, որ Իսպանիայի հավաքականը Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Իսպանիան «Եվրո»-ի հաղթող էր դարձել նաև 1964, 2008 և 2012 թվականներին:

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվեց այս տարվա մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, Լամին Յամալը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Իսկ եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Նիկո Ուիլյամսը։

Երեկ տեղի ունեցավ նաև ֆուտբոլի Ամերիկայի գավաթը։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Կոլումբիային և ռեկորդային 16-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ գերազանցելով Ուրուգվայի ռեկորդը։

Եզրափակիչ հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում և ավարտվել 1։0 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Հանդիպման 112-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը։ Այս գոլը նրա համար հինգերորդն էր Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունում: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց արգենտինացիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Արգենտինայի հավաքականի ավագ ու հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի մեկնարկային կազմում էր, սակայն խաղի 36-րդ րոպեին ստացած վնասվածքի հետևանքով փոխարինվեց 66-րդ րոպեին։ Փոխարինումից հետո Մեսսին չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է։

Խաղի մեկնարկը հետաձգվել էր 1 ժամ 22 րոպեով հանդիպումից առաջ մարզադաշտի տարածքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Ականատեսների ու լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրպագուների մի մասը փորձել է մարզադաշտ մտնել առանց տոմսի։ Նշվում է, որ երկրպագուների հոսքի պատճառով մարզադաշտի մուտքի մոտ հրմշտոց է սկսվել, երկրպագուներից ոմանց կորցրել են գիտակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել