factor.am: «Ադրբեջանցի սահմանապահները եկել են, իմ կանգնած տեղից 5 մետր հեռավորության վրա կանգնած են, մենք էլ այստեղ խոսում ենք»,- Factor.am-ի ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը։
Նրա խոսքով՝ երեկվանից ադրբեջանցի սահմանապահները տեղակայվել են սահմանազատված հատվածում։ Ըստ Կամո Շահինյանի՝ պայմանավորվածության հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել։
«Ըստ պայմանավորվածության՝ հուլիսի 24-ին պետք է գային, բայց եկել են ամսի 15-ին ժամը 18:00-ին։ Մեր նպատակն եղել է, որ ամսի 24-ին գան։ Իմ իմանալով բանակցություններին ասել են՝ երկամսյա ժամանակ տվեք, որ մեր կամուրջն օգագործենք, ամսի 24-ին էլ ասել են՝ մտնելու են վերևի մասը, կամուրջ չեն իջնելու»,- մանրամասնեց վարչական ղեկավարը։
Կամո Շահինյանը զբաղվածության պատճառաբանությամբ այլ հարցերի չպատասխանեց։ Ասաց՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից են եկել, Կիրանցի ոռոգման ջրի հարցն են լուծում։
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Հաղորդագրության մեջ նաև մատնանշված էր, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով։ Մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել ու ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի, Բերքաբեր-Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը:
Ավելի վաղ Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976 թվականի քարտեզով չեն մնում ՀՀ տարածքում։ ԱԽ քարտուղարը հստակեցրել էր, որ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որն այս պահին չի աշխատում, ինչպես նաև մեկ ավտոտնակ։
Հավելենք նաև, որ ներկայում ընթանում է Կիրանցի այլընտրանքային՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի շինարարությունը։
comment.count (0)