azatutyun.am: Ռուսաստանն անհերքելի ապացույցներ ունի The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի լրտեսական գործունեության մասին, Նյու Յորքում, մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նաև տեղեկացնելով, որ նրա հնարավոր փոխանակման հարցը քննարկում են Ռուսաստանի և ԱՄՆ հետախուզական ծառայությունները։
«Մենք անհերքելի ապացույցներ ունենք, որ Գերշկովիչը զբաղվել է լրտեսական գործունեությամբ։ Երկու երկրների հետախուզական ծառայությունները, նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կապի մեջ են 2021 թվականի հունիսից՝ տեսնելու, թե արդյոք ինչ-որ մեկին հնարավոր է փոխանակել ինչ-որ մեկի հետ»։
Ամերիկյան առաջատար թերթի թղթակիցը բանտում է անցյալ տարվա մարտից։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ նա ամերիկյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքագրել ռուսաստանյան ռազմաարդյունաբերության վերաբերյալ՝ Նիժնի Տագիլում գտնվող «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին:
Լրագրողը մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ Ռուսաստանում զբաղվել է բացառապես լրագրողական գործունեությամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերշկովիչին ճանաչում է որպես «անօրինական կերպով ձերբակալված»։
Այս տարվա փետրվարին Fox News հեռուստաընկերության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է համաձայնության հասնել Գերշկովիչի ազատման հարցում։
Պուտինը հարցազրույցում ասել է, որ Գերշկովիչն աշխատել է ոչ թե The Wall Street Journal-ում, այլ «ամերիկյան հետախուզական ծառայությունների համարել» և «բռնվել է գաղտնի տեղեկատվություն ստանալու պահին»։
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ «սա կոչվում է լրտեսություն», սակայն համաձայն է, որ Գերշկովիչին ռուսական բանտում պահելն անիմաստ է և հարցը պետք է լուծվի «հատուկ ծառայությունների խողովակներով»։ Նա ասել է, որ պատրաստ է Գերշկովիչին փոխանակել Կրասիկովի հետ։
Վադիմ Կրասիկովը 2021 թվականի դեկտեմբերին Գերմանիայի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել 2019 թվականի օգոստոսին Բեռլինի կենտրոնական այգում Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Թորնիկե Խանգոշվիլիին սպանելու համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման: Կրասիկովն ամերիկյան իրավասությունից դուրս է՝ նա գտնվում Գերմանիայում։
comment.count (0)