Կառավարությունը քայլեր կիրականացնի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ |armenpress.am|
13:56 - 09 դեկտեմբերի, 2019

Կառավարությունը քայլեր կիրականացնի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ստանձնել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը՝ կրթությունը և առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Երևանում Մարդկային զարգացման գլոբալ զեկույցի շնորհանդեսին:

«Թեև անցյալ տարվա ՄԶԾ արդյունքներով առաջխաղացում ենք գրանցել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, այնուամենայնիվ անելիքները դեռ շատ են: Եվ վստահեցնում եմ, որ կառավարությունն արդեն ստանձնել է այդ ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը՝ կրթությունը և առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ»,-ասաց Ավինյանը:

Նա վստահություն հայտնեց, որ զեկույցներով վերհանված խնդիրներն ու առաջարկները ոլորտի զարգացման քաղաքականություն մշակելիս կդառնան ուղենիշ: Փոխվարչապետը մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը՝ կրթության, առողջապահական իրավունքի իրացումը, համարեց մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքը: «Մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների և կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա՝ ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ և հասարակական բարեկեցություն »,-ասաց նա:

Ավինյանը մարդկային կապիտալի զարգացումը համարեց նաև կարևոր միջոց՝ հանդուրժողականության տարածման և ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց և տղամարդկանց միջև հավասարության ամրապնդման համար: Ավինյանը հիշեցրեց, որ ավելացնում են կրթության ֆինանսավորումը, առողջապահության ոլորտի հատկացումները՝ բազմաթիվ ծառայություններ հասանելի դարձնելով հասարակության բոլոր անդամների համար: Լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում նաև սոցիալական ծրագրերում: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև երիտասարդների և երեխաների մարդկային կապիտալի զարգացման վրա: «Մեզ համար այսօր առաջնահերթություն է հանրակրթության զարգացումը, երիտասարդների առողջության պահպանումը, որը որակյալ կապիտալի ձևավորման առաջնային պայմաններից է»,-եզրափակեց Ավինյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել