Ավինյանը պնդում է՝ կոյուղատարերի խնդիրը քաղաքապետարանինը չէ
 |civilnet.am|
10:54 - 09 հունիսի, 2025

Ավինյանը պնդում է՝ կոյուղատարերի խնդիրը քաղաքապետարանինը չէ |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետ Տիգրամ Ավինյանը հունիսի 9-ի գործակարգավարական նիստին հայտարարեց, որ մայրաքաղաքի կոյուղագծերի խնդիրը քաղաքապետարանի պատասխանատվության ներքո չէ։

«Ամեն անգամ ասում են՝ քաղաքապետարանի խնդիրն է։ Վերջիվերջո ստիպված ենք լինելու ասել՝ ժողովուրդ ջան, մենք չենք։ Սա այն մարդն է, այս չինովնիկն է, որը նստել է՝ իրեն էշի տեղ է դրել ու ասում է՝ քանի դեռ քաղաքապետարանին են մեղադրում, լավ է, մարաղը մտած է, ինքն էլ չի երևում»,- նշեց Ավինյանը՝ դժգոհելով խնդիրն անընդհատ քաղաքապետարանին վերագրելու վերաբերյալ։

Նա նաև նշեց՝ եթե կոյուղագծերի վերականգնումը քաղաքապետարանի պատասխանատվության ներքո է, ապա պետք է արձանագրել օրենքով։

Գործակարգավարական նիստին Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, որ կոյուղագծերի համակարգի վիճակը զգալիորեն վատթարացել է։

Կամո Արեյանի խոսքով՝ ներկայում ամենախոցելի հատվածը «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկվող ցանցն է։ Թեև ընկերությունը պարբերաբար կատարում է արդիականացման աշխատանքներ և համագործակցում քաղաքապետարանի հետ, իրավիճակը շարունակում է սրվել։

«Պատկերացրեք մի երևույթ՝ 560 վթար, որից 400-ը՝ կոյուղագծերում։ Այսպիսի ցուցանիշ չունի որևէ այլ մատակարար։ Եվ երբեմն վիճակագրությունը նույնիսկ գերազանցում է այս թիվը։ Սա վկայում է կոյուղատար ցանցի լուրջ քայքայվածության մասին։ Խնդիրն իսկապես սրված է»,- ասաց Արեյանը։

Արեյանն ասաց, որ հատկապես մեծացել է բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում և նկուղներում կոյուղաջրերի արտահոսքի դեպքերի թիվը։ Նա նշեց, որ քաղաքապետարանի վերահսկողության ներքո գտնվող 22 օբյեկտներից 15-ի համար պայմանագրերը շինարարների հետ արդեն պատրաստ են։

Արեյանը հիշեցրեց, որ կոյուղագծերի խնդիրը 2016-ից կա և մինչև այժմ լուծում չի ստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել