Աժ-ն ընդունեց ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացման օրինագիծը |armenpress.am|
08:58 - 10 դեկտեմբերի, 2019

Աժ-ն ընդունեց ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացման օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովն ընդունեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրել էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

«Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի նոյեմբերի 6-ին Մոսկվայում: Եվ նախատեսվում է, որ դրանով անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը կիրականացվի սահուն»,- նշել էր Աբրահամյանը:

Համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա: Համաձայնագիրն անդրադառնում է նաև միջազգային ստանդարտներին համաձայն ֆինանսական շուկայի ոլորտում ռիսկերի կարգավորման մոտեցումների ներդաշնակեցմանը:

Աբրահամյանը նշել էր՝ ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա բոլոր կողմերը որդեգրել են հետևյալ սկզբունքը՝ առաջնորդվել միջազգային լավագույն փորձով, միջազգային ստանդարտներով: Ներդաշնակեցման գործընթացն իրականացվելու է անդամ պետությունների փոխգործակցությամբ և յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշելու, թե որ օրենսդրական նորմատիվ իրավական ակտերն են ենթակա ներդաշնակեցման: Համաձայնագիրը հաստատելուց հետո 9-ամսյա ժամկետում պետք է պատրաստվի համապատասխան միջոցառումների ցանկ: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանն ու Բելառուսը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել