Խիստ մտահոգիչ է, որ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ազգակործան ծրագիրը․ Սասնա Ծռեր
10:42 - 10 դեկտեմբերի, 2019

Խիստ մտահոգիչ է, որ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ազգակործան ծրագիրը․ Սասնա Ծռեր

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ամուլսարը սար է մնալու

Երեկ՝ ս.թ. դեկտեմբերի 9֊ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը։

Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանը ներկայացնող պաշտոնյաներն առաջարկել են բացել Ամուլսարի մուտքերը և թույլ տալ, որ Լիդիան ընկերությունը ձմեռացման աշխատանք կատարի։

ՀՀ կառավարության այս քայլը թերևս կարևոր պատճառ ունի։ Մամուլում շրջանառվող տեղեկություններ կան, որ Լիդիան ընկերությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը տեղաշարժ ցույց չտալու դեպքում կարող է դեֆոլտի ենթարկվել։

Հանդիպմանը ներկա բնակիչները կտրուկ կերպով մերժել են, սակայն, նկատի ունենալով, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն իրենցն է, այլև ամբողջ համայնքինը և համայն հայությանը, հայտարարել են, որ հանրային քննարկում կկազմակերպեն և օրեր անց կներկայացնեն բոլորի դիրքորոշումը։

Համոզված ենք, որ հանրային քննարկման մասնակիցները միահամուռ կերպով դեմ կլինեն Ամուլսարի մուտքերը բացելուն։

Եվ, այդուհանդերձ, խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ազգակործան ծրագիրը և այդ նպատակով փորձում է տարբեր հնարքներով փրկել շրջանառվող լուրերի համաձայն սնանկացման եզրին գտնվող Լիդիան ընկերությանը։

Անկախ այս հարցում ՀՀ կառավարության շարժառիթներից և քայլերից, հայտարարում ենք, որ սերունդների ապագայի համար սրտացավ համայն հայության հետ միասին խափանելու ենք Ամուլսարը հանք դարձնելու բոլոր փորձերը։

Ամուլսարը սար է մնալու։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

10 դեկտեմբերի 2019 թ.»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել