azatutyun.am: «Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված) խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, հայտարարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։
Գործակալությունը պարզաբանում է, որ նախօրեին Հանիեն Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։
Իրանը մանրամասներ չի հաղորդել, թե ինչպես է սպանվել Հանիեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է:
«Ալ-Հադաս» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի ժամանակով գիշերը ժամը երկուսին «բառացիորեն անկողնում»՝ ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով։
«Համաս» ծայրահեղական խմբավորումը հարձակումն անվանել է «դավաճանական» և հայտարարել, որ դրա պատճառը «սիոնիստական նենգ հարձակումն է»:
comment.count (0)