Խաղողի մթերում իրականացնող ընկերությունները վարկի ձեռքբերման դեպքում Կառավարությունից բյուջետային երաշխիք կստանան
 |1lurer.am|
12:53 - 01 օգոստոսի, 2024

Խաղողի մթերում իրականացնող ընկերությունները վարկի ձեռքբերման դեպքում Կառավարությունից բյուջետային երաշխիք կստանան |1lurer.am|

1lurer.am: Խաղողի և պտուղ-բանջարեղենի մթերումներ իրականացնող ընկերությունները բազմիցս դիմել են էկոնոմիկայի նախարարություն՝ հայտնելով, որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել նոր վարկերի ներգրավման, ինչպես նաև պտուղ-բանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման հարցում: Այդ մասին Կառավարության օգոստոսի 1-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված որոշման նախագիծ:

Ըստ այդմ՝ խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարությունը 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը կտրամադրի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականի արտահանված արտադրանքի արժեքը:

«Եթե թվային արժեքով ներկայացնենք, պատկերացնենք, որ տնտեսվարողն ուզում է 2 մլրդ դրամ վարկ ներգրավել, որպեսզի ինքն իրականացնի պտուղ-բանջարեղենի կամ խաղողի մթերում, բայց ունի 1 մլրդ դրամի գրավ: Մյուս 1 մլրդ դրամի գրավը պետությունը տալիս է երաշխիք, որպեսզի ինքը վերցնի»,- պարզաբանեց Պապոյանը՝ հիշեցնելով, որ այս գործիքը նախկինում էլ է եղել, ու այս պահի դրությամբ 2021 թվականի համար և՛ խաղողի, և՛ պտուղ-բանջարեղենի մասով տնտեսվարողներն իրենց պարտքերը փակել են:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց՝ աջակցելով մթերողներին՝ իրականում աջակցում են գյուղացիական տնտեսություններին, որովհետև մթերող կազմակերպություններին սուբսիդավորումը կատարվում է այն դեպքում և այն չափով, երբ նրանք գյուղացիական տնտեսություններից այս վարկային միջոցներով ձեռք են բերել տվյալ տարվա գյուղատնտեսական արտադրանքը, առավելապես՝ խաղողը:

«Ունենք նաև վիճակագրություն, և կարող ենք ասել, որ այս աջակցության շահառուները երևի վարկային միջոցների 80 տոկոսից ավելին օգտագործում են հատկապես խաղողի մթերումների ժամանակ: Եվ կարևոր է, որ այս որոշումը կայացնում ենք այս ամսվա ընթացքում՝ օգոստոսի սկզբին, որովհետև չնայած մթերումները հիմնական ծավալով կմեկնարկեն սեպտեմբերի ընթացքում, բայց նաև մեր տնտեսվարող սուբյեկտները կարող են այս որոշման շրջանակում, աջակցության ծրագրի բովանդակությունը հաշվի առնելով, պլանավորել իրենց հարաբերությունները գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես կնքել այն պայմանագրերը, որով պետք է գյուղատնտեսական արտադրանքը մթերել, և դիմել Կառավարության աջակցության համար»,- ասաց փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել