civilnet.am: Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը 2024-ի հունվարի 30-ին հայտարարել էր, որ քաղաքապետարանը նախատեսում է կառուցել հանրությանը հասանելի թենիսի տասը նոր կորտ։
«Համայնքային միջոցներով [..] ևս տասը կորտ ընթացիկ տարում արդեն նախագծում ենք, տեղերը փնտրում ենք, մի քանի վարչական շրջաններում արդեն կոնկրետ գիտենք, թե որտեղ ենք [կառուցելու]»,- ասել էր Հովհաննիսյանը։
Ավելի քան կես տարի է անցել, և #CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ինչ առաջընթաց կա այս հարցում:
Երևանի տարբեր վարչական շրջաններում թենիսի նոր կորտերի կառուցման թեման տարեսկզբին առաջ եկավ, երբ քաղաքային իշխանությունները հանրայնացրեցին Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցում իրականացնելու իրենց որոշումը։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի նախագծով առաջարկվում է հանրային գերակա շահ ճանաչել Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող մի շարք օբյեկտներ և շինություններ, այդ թվում՝ «Արարատ» թենիսի ակումբի վեց կորտերի տարածքը և այնտեղ վերակառուցում իրականացնել։
Քաղաքապետարանի որոշումն, այնուամենայնիվ, միանշանակ չընդունվեց։ Թենիսի սիրահարները և ակումբի մարզիչները մտահոգված էին ստեղծված իրավիճակով։ Միաժամանակ բարձրացվում էր գործընթացի թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի թեման։
Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ վարչական շրջանների աշխատակազմերում դեռ ընթանում են քննարկումներ թենիսի կորտերի նախագծման և տեղակայման ուղղությամբ:
Ըստ պաշտոնական պատասխանի՝ «Որոշ վարչական շրջանների աշխատակազմեր արդեն ներկայացրել են հստակ հասցեներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության ու բարեկարգման վարչությանը, իսկ քննարկումները դեռ շարունակվում են»:
Քաղաքապետարանը չի մանրամասնել, թե Երևանի որ հատվածներում է նախատեսվում նոր կորտերի կառուցումը, ինչպես նաև քննարկումների ավարտի և կառուցման մեկնարկի ժամկետները։
Թեև խոստումը տրվել է դեռ տարեսկզբին, առայժմ շոշափելի առաջընթաց չկա նոր թենիսի կորտերի կառուցման հարցում: Քաղաքապետարանը շարունակում է քննարկումները, սակայն կոնկրետ ժամկետներ և վայրեր դեռ չեն հրապարակվել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)