Գազայում չդադարող հակամարտության ֆոնին՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը երկօրյա այցով ժամանել է Թուրքիա, որի ընթացքում ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում: Դիտորդների խոսքով, այցը դժվար թե ընդլայնի Անկարայի ներգրավվածությունը մերձավորարևելյան բանակցություններում, բայց կարող է նպաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներքաղաքական դիրքերի ամրապնդմանը:
«[Այս այցը] ավելի շատ սեփական լսարանին ուղերձ հղելու համար է: Չեմ կարծում, թե միջազգային ասպարեզում կա մեկը, որ Թուրքիան ընկալում է որպես առաջադեմ ուժ կամ Էրդողանին՝ որպես պաղեստինյան իրավունքների պաշտպան: Ընդհակառակը, կարծում եմ, նման բան ոչ ոք չի մտածում»,- ասում է թուրքական Politikyol լրատվական հարթակի մեկնաբան Սեզին Օնեյը։
Հիշեցնենք՝ վերջերս Էրդողանը հրապարակավ կշտամբեց Աբասին՝ մեղադրելով պաղեստինյան առաջնորդին Թուրքիա այցելելու իր հրավերն ի սկզբանե մերժելու մեջ։ Թուրքիայի ղեկավարի ներկայացմամբ Անկարան կամուրջ է Պաղեստինի ինքնավարության և «Համասի» միջև։ Սակայն դիտորդները նշում են՝ վերջերս Չինաստանի կողմից պաղեստինյան խմբակցությունների առաջնորդներին հյուրընկալելը նշան է, որ Էրդողանը զրկվել է այդ դերից:
comment.count (0)