azatutyun.am: Գազայում Իսրայելի շարունակվող հարվածների ֆոնին՝ Դոհայում այսօր կշարունակվեն զինադադարի և պատանդների ազատ արձակման հարցով երեկ մեկնարկած բանակցությունները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կատարի ու ԱՄՆ պաշտոնյաներին։
Բանակցություններից տեղյակ ԱՄՆ անանուն պաշտոնյան, Reuters-ին ասել է, որ հինգշաբթի կայացած բանակցությունները «կառուցողական» են եղել:
ԱՄՆ ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին էլ լրագրողների հետ ճեպազրույցում սա «կենսական աշխատանք» է որակել՝ նշելով․ - «Մնացած խոչընդոտները կարելի է հաղթահարել, պետք է ավարտին հասցնենք այս գործընթացը»։
Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հինգշաբթի օրն առանձին զեկույց են հրապարակել՝ նշելով, որ ավելի քան 10 ամիս ընթացող մարտերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը։ Նշվել է նաև, որ առնվազն վեց պաղեստինցի է զոհվել հինգշաբթի գիշերն Իսրայելի օդային հարվածներից։ Ավելի վաղ իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել նաև Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների թիրախներին:
Հինգշաբթի ուշ երեկոյան Տելեգրամում հրապարակված հայտարարության մեջ ծայրահեղական «Համաս» խմբավորման քաղբյուրոյի անդամ Հոսամ Բադրանն ասել է, որ «Իսրայելի շարունակական գործողությունները խոչընդոտ են հրադադարի հարցում առաջընթացին»:
Նշվում է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի պաշտոնյաները չեն մասնակցել երեկվա բանակցություններին։
Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները համատեղ պահանջ էին ներկայացրել Իսրայելին և «Համաս»-ին՝ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։ «Այլևս հնարավոր չէ ժամանակ կորցնել, կողմերից և ոչ մեկն այլևս չունի արդարացումներ հարցը հետաձգելու համար», - ասվում էր համատեղ հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև Հայաստանը ողջունել են Գազայի հարցով բանակցությունները վերսկսելու կոչերը։
comment.count (0)