Իսրայելն իր ներկայացուցիչներին ուղարկել է Կահիրե՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցելու համար |news.am|
10:58 - 23 օգոստոսի, 2024

Իսրայելն իր ներկայացուցիչներին ուղարկել է Կահիրե՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցելու համար |news.am|

news.am: Իսրայելական բանակցային խումբը հինգշաբթի մեկնել է Կահիրե՝ բանակցելու պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատանդներին ազատելու գործարքի շուրջ, հաղորդում է Times of Israel-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրը:

Նշվում է, որ բանակցային խումբը գլխավորել է «Մոսադի» ղեկավար Դևիդ Բարնեան, իսրայելական խմբի կազմում եղել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ռազմավարական վարչության ղեկավար, գեներալ-մայոր Ջեյ Էլիեզեր Տոլեդանոն։

CNN-ի հաղորդմամբ, ԱՄՆ բանակցային խումբը գլխավորում է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։

Կահիրեում բանակցությունները տեղի են ունենում մոտ ապագայում շոշափելի առաջընթացի հույսերի մարման պայմաններում այն համաձայնագրի շուրջ, ըստ որի ՀԱՄԱՍ-ը պետք է ազատի իսրայելցի պատանդներին՝ Գազայում մարտերի երկարատև դադարի և բազմաթիվ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց:

Բանակցությունների հիմնական խոչընդոտն այն կետն է, թե արդյոք իսրայելական բանակը կշարունակի պահել Գազայի և Եգիպտոսի միջև սահմանային տարածքը, եթե գործարք կնքվի:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պնդում է, որ իսրայելական ներկայությունը Ֆիլադելֆիայի միջանցքում կենսական նշանակություն ունի ՀԱՄԱՍ-ի վերազինումը կանխելու համար, մինչդեռ ՀԱՄԱՍ-ն ասում է, որ իսրայելական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն:

ԱՄՆ-ն պնդում է, որ Գազայի վերաբերյալ պետք է շուտափույթ համաձայնագիր կնքվի և հայտարարել, որ Իսրայելը համաձայնել է միջնորդների կողմից առաջարկված պայմաններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել