Ֆրանսիայի ԱԳ նախարար. Բաքուն պետք է հավատարմություն ցուցաբերի Հայաստանի հետ խաղաղության օրակարգին մինչև COP 29-ը |news.am|
10:57 - 16 սեպտեմբերի, 2024

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Բաքուն պետք է հավատարմություն ցուցաբերի Հայաստանի հետ խաղաղության օրակարգին մինչև COP 29-ը |news.am|

news.am: Միանշանակ, Ֆրանսիան նպաստում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, որը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման վրա, ինչը խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին։ Այս մասին սեպտեմբերի 16-ի առավոտյան Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Սա է Ալմաթիի հռչակագրի իմաստը։ Նույն գաղափարը ներկայացվել է Պրահայում 2022 թվականին»,- ասել է ֆրանսիացի նախարարը՝ հավելելով, որ դա հատկապես կարևոր է հիմա, երբ «Ռուսաստանը ոտնահարում է բոլոր կարևոր սկզբունքները Ուկրաինայում»։

Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Փարիզը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանների սահմանազատման գործընթացին, որը պետք է հիմնված լինի երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա. «Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության տարածաշրջան, սա հնարավորություն կտա ընդլայնելու առևտուրը և կբերի Հայաստանի բարգավաճմանը։ Հայաստանը խաղաղություն է ուզում, Ֆրանսիան խաղաղություն է ուզում, միջազգային հանրությունը նույնպես խաղաղություն է ուզում։ Ադրբեջանը շուտով կընդունի COP 29-ը, Բաքուն մինչ այդ պետք է ցույց տա, որ ինքը նույնպես ձգտում է խաղաղության»,- ընդգծել է նախարար Սեժուրնեն։

 Միաժամանակ, ֆրանսիացի նախարարը նշեց, որ ԵՄ առաքելությունը պետք է շարունակվի և հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին հաղորդումների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու մեխանիզմ ներդնել։ Նշենք, որ ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Երևանի այս առաջարկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել